Saturday, April 23, 2011

Բնապահպանական ծրագրերը ֆինանսավորման կարիք ունեն

Կապանի տարածաշրջանում իր հերթական բնապահպանական ծրագիրն է սկսել “Խուստուփ” ՀԿ-ն, որն այս անգամ անտառվերականգնման նպատակ ունի:Կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանն ասում է, որ 90-ականներին Կապանի տարածաշրջանի անտառներում հատված ծառատեսակների մեջ զգալի թիվ են կազմում պտղատու ծառերը: “Դրա արդյունքում էկոհամակարգի շղթան խախտվել է: Թռչունների, վայրի կենդանիների կերը խիստ պակասել է:

Վայրի կեռասենիներ, արոսենիներ, կաղնիներ, հատկապես վայրի տանձենիներն են առավել շատ հատվել, եւ անտառներում պտղատու ծառատեսակների վերականգնումն անհրաժեշտ է, որպեսզի թռչուններն ու վայրի կենդանիները կերի պակասի պատճառով միգրացիայի չենթարկվեն եւ կարողանան պոպուլյացիան շատացնել”, - ասում է բնապահպանը: Անտառվերականգնման աշխատանքների համար տնկիներ ունենալու նպատակով անցած տարվա աշնանը կազմակերպությունն իր տնկարանում ցանել է վայրի տանձենու սերմ, որի առաջին ծիլերն արդեն դուրս են եկել: Ենթադրվում է, որ ցանքսից կլինի 10-12 հազար տնկի, ինչը կբավարարի 100-150 հա անտառվերականգնման աշխատանքների համար:

Այս ծրագիրը Խուստուփ ՀԿ-ն իրականացնում է Կապանի անտառտնտեսության հետ համատեղ, քանի որ վերջինս խոստացել է իրականացնել նաեւ տնկիների պահպանումն ու հետագա խնամքը:

Վլադիկ Մարտիրոսյանի բնապահպանական ծրագրերը բազմաբովանդակ են: Նա նպատակ ունի շարունակել տարածաշրջանի 4 գյուղական համայնքներում` Շիկահողում, Ծավում, Սրաշենում եւ Ներքին Հանդում անցած տարի իրականացրած “Սնկերի ճանաչման” ծրագիրը, որը կյանքի է կոչել գերմանական GTZ կազմակերպության հետ համատեղ:

“Ծրագրի նպատակը բնակիչներին սովորեցնելն է, թե ինչպես թունավոր սնկերը տարբերեն ուտելու սնկերից: Հաճախ դա չիմանալով մարդիկ ստիպված հրաժարվում են օրգանիզմի համար շատ արժեքավոր այդ սննդատեսակից, մինչդեռ մեր անտառները լի են սնկերով: Իսկ այս հարցում սխալվելը կարող է անդառնալի կորուստների հանգեցնել”, - ասում է Վլադիկ Մարտիրոսյանը:Ծրագրին մասնակցել են տարբեր տարիքային խմբերի մարդիկ, նաեւ` տնային տնտեսուհիներ, որոնց մեծ մասը մասնակցել է սնկի վերամշակմանը, տարբեր տեսակի ուտեստների պատրաստմանը տեղեկանալու համար:

Սակայն, ինչպես Վ.Մարտիրոսյանն է նշում, դասընթացներին դպրոցականներ քիչ կային, չնայած նախընտրելի էր նրանց մասնակցությունը, քանի որ հիմնականում սունկ հավաքում են երեխաները, բացի դրանից, նրանց հիշողությունն ավելի ուժեղ է ու մատուցվող նյութի յուրացումն ավելի հեշտ կլինի նրանց կողմից:Երկու ամիս տեւած դասընթացների ընթացքում եղել են նաեւ պրակտիկ աշխատանքներ, չնայած երաշտի պատճառով անտառներում անցած տարի սունկ քիչ է եղել: Ծրագրի շրջանակներում հրատարակվել է նաեւ նկարազարդ բրոշյուր, որում ընդգրկված են տարածաշրջանում հանդիպող թունավոր սնկերի բոլոր տեսակները, ուտելու սնկերի 5-6 առավել արժեքավոր տեսակներ:

“Մեր բնությունը ճանաչելու, պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար շատ ծրագրեր կարելի է իրականցնել, սակայն ծրագրերը ֆինանսավորել է պետք: Առանց դրա այսօր դժվար է արդյունքի հասնել”, ասում է Վլադիկ Մարտիրոսյանը:

Հեղինակ` Գոհար Իսախանյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.