Tuesday, April 26, 2011

Կապանցի հանքագործները էլեկտրաշոկ չեն տեսել



Ըստ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տարածված մի հաղորդագրության,  Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունում հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառվել: Ընկերության թե՜ նախկին, թե՜ ներկա  աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ նման բան չի եղել: «Եթե էդպես բան լիներ, ապա չէինք լռի»,-ասացին հանքագործները: Ընկերության արհեստակցական միության ղեկավար Արսեն Հայրապետյանը առաջին անգամ է լսում այդ մասին, ու գտնում է, որ պետք է նման խոսակցություն տարածողը պատասխան տա դատարանում, քանի որ ձեռնարկության հեղինակության հետ է խաղացել։ Հանրության ու կառավարության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը նման խոսակցությունները  «ֆանտաստիկ ու կիսասարսափելի ֆիլմի» չհաջողված տարբերակ է համարում։   
 էլեկտրաշոկ իսկապես պիտի գնեին, բայց դա ոչ թե անհնազանդ բանվորների համար էր, այլ պիտի օգտագործվեր անհրաժեշտության դեպքում: «Ամիսներ առաջ քննարկվեց արագ արձագանքման ջոկատի համար գնել էլեկտրաշոկ, որը պիտի օգտագործվեր ոչ թե աշխատակիցների, այլ դրսի այն մարդկանց դեմ, ովքեր խմած գալիս են ու գիշերը անհանգստացնում պահակային ծառայությանը։ Բայց դա ընդամենը քննարկվեց»,-ասում է Ն. Աղայանը։ Ձեռնարկության պահակային ծառայության պետ Կարեն Մամիկոնյանի խոսքով էլ դրանք սովորական սարքեր էին, որոնք պիտի գնվեին Վերնիսաժից։ «Պատկերցրեք լապտերիկներ, ու հետևի մասում լուսավոր ճտճտոց, որը ընդամենը վախեցնելու համար էր։ Իսկական էլեկտրաշոկ օգտագործելու համար հատուկ թույլտվություն է պետք համապատասխան կառույցներից։ Ձեռնարկությունը ռեժիմային կառույց չէ, ու էլեկտրաշոկ կիրառելու կարիք չկա»,-ասում է Կ. Մամիկոնյանը։ 
Վերջինիս խոսքով «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ն կանադական  ընկերությունն է, և պաշտպանում է միջազգային բոլոր կոնվեցիաներով ամրագրված մարդկանց աշխատանքի անվտանգության ու առողջության իրավունքները: Ըստ ձեռնարկության պատասխանատուների, ամեն ինչ արվում է հանքագործների անվտանգ աշխատանքը ապահովելու համար, իսկ նման խոսակցությունները պարզապես խաթարում են ընկերության բնականոն աշխատանքը:
Արմեն Դավթյան,Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.