Friday, April 29, 2011

Նորից աֆրիկյան ժանտախտ Սյունիքում

Մոտ մեկ շաբաթ առաջ Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում արձանագրվել է  խոզերի մեծաքանակ անկում։ Գյուղում սատկած խոզերի թիվը հասնում է 10-ի: Տուժել է  4 տնտեսություն։ Գյուղապետ Սպարտակ Զաքարյանի խոսքով  սատկած մի քանի կենդանիների մոտ կային աֆրիկյան ժանտախտին բնորոշ ախտանիշներ` ինքնազգացողության թուլացում, կերից հրաժարում, լորձարտադրություն բերանից, քթանցքերից։ Գյուղ հրավիրված անասնաբույժները փորձանմուշներ են վերցրել սատկած կենդանիներից եւ նրանց կերից։ Արդյունքները պարզ կլինի մի քանի օրից։ Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն, հնարավոր է, որ վարակը կերից լինի։

"Սատկել են այն խոզերը, որոնց այդ կերն են տվել։ Հիմա ախտահանման աշխատանքներ ենք իրականցրել, խոզերը փակի տակ ենք պահում”,- ասաց գյուղապետը:  Անասնաբույժ Արթուր Խաչատրյանն էլ  նշեց, որ նախնական տվյալներով խոզերի անկման պատճառը կերից թունավորումն է եղել: Ավելացնենք, որ նախորդ տարիներին հարեւան գյուղերում արձանագրված աֆրիկյան ժանտախտը շրջանցել էր Եղվարդը։

Այսօր գյուղում 150 խոզ է հաշվառված։ Ի դեպ, անասնաբույժները գոյւղացիներին խորհուրդ են տվել մորթել խոզերը ու կիլոգրամը 350-400 դրամ հանձնել մսի կոմբինատին: "Մտածում ենք, որ մսի կոմբինատը անասնաբույժների հետ գործարք մեջ է",-ասացին եղվարդցիները: Սակայն անասնաբույժներն էլ մեզ հետ ունեցած զրույցում նշեցին, որ իերնք պարզապես խորհուրդ են տվել այլ ելք չունենալու դեպքում՝ մորթել ու դնել մսի կոմբինատի սառնարանում:

Եղվարդեցի Սերոբ Օհանջանյանի համոզմամբ էլ, իր խոզերը առողջ են, նույնիսկ մեկը մորթել ու մեզ էլ առաջարկում ճաշակել համով խորովածը: "Տեսեք թե ինչ միս է, բա էս խոզը հիվանդ կլինի",- հարցնում էր գյուղացին: Խոզապահի, գյուղնախարարի խրատների  մասին ավելի մանրամասն ՀՐԱՊԱՐԱԿ օրաթերթի շաբաթօրյա համարում: 
Արմեն Դավթյան, ԿԱՊԱՆ

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.