3 տասնյակից ավել աշխատանքային փորձ, հարգված ու պահանջված մասնագետ, լավ բժիշկ, լավ մարդ, լավ ընկեր... Գյումրիում սպանված Աշոտ Գրիգորյանին են նվիրված այս խոսքերը:
Հիշեցնեմ, որ հունիսի 26ին, ժամը 23:00ին շտապբուժօգնության բժշկին ծեծելով սպանել էր հիվանդատերը` 28 ամյա Արտակ Կարապետյանը: Այն, որ իսկապես տեղի էր ունեցել սպանություն, դա հաստատվեց դեպքից ժամեր անց: Հաստատողն էլ Շիրակի մարզի քննչական բաժինն էր` հիմված դատաբժշկական փորձաքննության վրա:
Դեպքի մասին հունիսի 27ին խոսում էր ամբողջ հանարապետությունը: Բոլոր կայքերն ու բազմաթիվ այլ լրատվամիջոցներ հեղեված էին պատահարի մասին պատմող սուտ ու սխալ, հավաստի կամ մոտավոր տվյալներով:
Հունիսի 28ին այն արդեն մոռացության մատնվեց: Մարդիկ նոր օրը սկսեցին նոր հոգսերով ու նորություններով: Մի փոքր իրարանցում եղավ Արթիկ քաղաքում: Հենց այնտեղ Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնացած, մասնագիտական պարտքը կատարած բժիշկ-վիրաբույժ Աշոտ Գրիգորյանին հուղարկավորեցին: Դա նրա հայրենի քաղաքն է: Հուղարկավորությունը համեստ էր, կարելի է ասել` անշուք. <<Եթե մի օլիգարխ մահանար, ողջ քաղաքը ոտքի կկանգներ: Շատ պաշտոնյաներ կգային, ձևական աչք կթրջեին ու կգնային: Համեստ մարդկանց շուտ են մոռանում: Աշոտ համեստ տղա էր>>,- ասում են նրա կոլեգաները:
Փնտրեցի մարզի առոողջապահության վարչության պետին` Հովհաննես Հովհաննիսյանին, կարծիք էի ուզում իմանալ: Նա էլ չկար: Ու չկային շատերը: Շատ արագ մոռացան համեստ մարդուն:
Բժշկի դին գերեզմանոց տեղափոխվեց օրերս Հայաստան բերված շտապբուժօգնության նոր մեքենայով: <<Չմեռանք, թազա ավտոն էլ նստանք>>,- այս խոսքերը Աշոտն ասել էր մահից մի քանի ժամ առաջ...
Հունիսի 29ին Շիրակի մարզի բժիշկները բողոքի ցույց են կազմակերպելու` պահանջելու են դեպքի հետ կապված արդար վճիռ ու նաև պաշտպանություն: Ասում են վերջերս նման հարձակումները հաճախակի են դարձել:
Արմինե Ավետիսյան
Գյումրի
Գյումրի
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.