Դեռ փայլը չկորցրած մանրիկ աչքերով, երկու երեխաների մայր, 32-ամյա գեղեցկադեմ կինը մեկն է գյուղում մեծացած հայաստանցի այն գեղեցիկ կանանցից, ում իրենց իսկ ընտանիքի համաձայնությամբ վաղ տարիքում ստիպողաբար ամուսնացրել են:
Անահիտ Մատինյանը (անուն, ազգանունը փոխված են) 19 տարեկան էր, երբ հարազատ քեռին նրան փախցրեց ու «հանձնեց» ամուսնուն:
«Քոլեջում էի սովորում, մամաս ուզում էր, որ սովորեի, նոր ամուսնանայի: Բայց մի օր քեռիս իր աներձագի հետ նրա մեքենայով եկավ քոլեջ եւ, խաբելով, թե տատիկս մահացել է, նստեցրին մեքենան ու տարան»:
Երբ հասել էին գյուղ, որը Գավառ քաղաքի հարեւանությամբ է, քեռին իջել էր մեքենայից՝ աղջկան թողնելով աներձագի հետ. «Բարի բախտ մաղթեց ու գնաց»:
Սակայն Մատինյանի բախտն ու ամուսնական կյանքը դժվար է բարի անվանել: Կնոջը բռնի տիրանալուց հետո ամուսինը նրան արգելել էր շփվել հարազատների հետ, տանից դուրս գալ ու նույնիսկ բակում քայլել:
«Ընտանիքը մեծ էր. երկու եղբայր միասին էին ապրում: Տան, գոմի, բակի, հողամասի ամբողջ հոգսերը երկու հարսներիս վրա էր»,-իր 13 տարիների կյանքի ամեն մի օրն է ներկայացնում Մատինյանը:
Պատմում է, որ ամեն օր առավոտյան վաղ արթնանում էր, կովերը կթում, գոմը աղբից մաքրում, հողը մշակում, ու այսպես մինչեւ երեկո` համատեղելով երեխաների դաստիարակությունը: Երեկոյան, սակայն, հանգստանալու փոխարեն, ընդունում էր հարբած ամուսնու հերթական ծեծի բաժինը.
«Եթե ինչ-որ բան պակաս էր լինում, իսկ նրա աչքին միշտ մի բան այն չէր, սկսվում էին ծեծուջարդն ու հայհոյանքը»:
Լոռու մարզի կանանց իրավունքների կենտրոնի համակարգող Սիրան Քոչինյանն ասում է, որ ընտանեկան բռնությունը կարող է լինել տնտեսական, ֆիզիկական, հոգեբանական եւ սեռական: Կենտրոնի տվյալներով` Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկվում են հիմնականում կանայք:
Քոչինյանի բացատրությամբ` բռնություն որակվում է կնոջ կամքին հակառակ նրան ամուսնացնելը, փախցնելը, ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի կողմից ծեծի, ստորացումների, հայհոյանքի, արգելանքների ենթարկելը, տնտեսապես կախման մեջ պահելը, կրթության, աշխատանքի իրավունքից զրկելը եւ այլն:
Ըստ կանանց իրավունքների կենտրոնի վերլուծության՝ ընտանիքում կանանց բռնության են ենթարկում հիմնականում ամուսինները, սակայն այս գործին անմասն չեն մնում նաեւ ընտանիքի այլ անդամներ:
2009 թվականի դեկտեմբերից մինչ օրս բռնության ենթարկված 592 մարզաբնակ կին է դիմել կենտրոն` օգնության համար: Խորհրդատվություն ստացածների 70 տոկոսը Վանաձորից է, 30 տոկոսը՝ մարզի այլ բնակավայրերից:
Կենտրոն դիմած այն կանանց, ում կյանքին վտանգ է սպառնում, խորհրդով ուղղորդում են ժամանակոր կացարան, որտեղ գտնվելու ողջ ընթացքում կնոջ հետ աշխատում է հոգեբանը, իրավաբանն ու սոցիալական աշխատողը:
«Մենք ամուսնալուծությունների կողմակից չենք, մեր նպատակը մեր կանանց ինքնագնահատականը, ինքնասիրությունը բարձրացնելն է, որպեսզի ինքը ելքեր փնտրի գոյություն ունեցող իրավիճակից դուրս գալու համար»,-բացատրում է կենտրոնի համակարգող Սիրան Քոչինյանը:
Քոչինյանի խոսքով՝լինում են դեպքեր, երբ կանայք ուղղակի մազապուրծ փախչում են տնից, գալիս են իրենց մոտ՝ ընկճված, ցածր ինքնագնահատականով, ընդ որում՝ կենտրոն դիմողների մեջ լինում են կանայք, ովքեր ունեն ինքնասպանություն անելու սեւեռուն մտքեր:
«Եւ դեռ հասարակության մեջ այնպիսի կարծիք է տիրում, թե մեր ընտանիքներում բռնություն չկա: Բռնությունը կա եւ պետք է դրա դեմ պայքարել»:
«Ուզում եմ ոստիկանություն դիմել, ազատվել դրանից, բայց հետո մտածում եմ՝ ամոթ է, համ էլ՝ վերջում էլի տուն ա գալու, նորից նույնը կրկնվի»,- պատմել է բռնության ենթարկված մեկ այլ կին:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության շտաբից «Մեդիալաբին» տեղեկացնում են, որ իրենց դիմած՝ բռնության ենթարկված կանանց դիմումների համաձայն նյութեր են նախապատրաստվում, քննություն է կատարվում:
«Լինում են դեպքեր, երբ ամուսինները հաշտվում են, իսկ եթե ոչ, սահմանված կարգով հարցը լուծվում է»,-ասում է շտաբի պետ Սեյրան Հարությունյանը:
Մինչդեռ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ ոստիկանությունը կանանց նկատմամբ բռնությունների հարցում կանխակալ վերաբերմունք ունի:
«Ամուսնու ու սկեսրոջ կողմից ծեծի հետեւանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահվան փաստը դրա վառ օրինակն է»,- ասում է Սաքունցն ու հավելում, որ Հայաստանի օրենսդրությունն ապահովում է իրավունքների պաշտպանության հարցը, մինչդեռ գոյություն ունեցող խտրական վերաբերմունքը թույլ չի տալիս այն կիրառել:
Սիրան Քոչինյանի գնահատմամբ` չկան համապատասխան լծակներ՝ բռնության ենթարկված կանանց իրավունքները, կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար:
«Եթե նույնիսկ կանայք բողոքում են, ամուսինները քրեական պատասխանատվության ենթարկվում են խուլիգանության համար, իրավապահները ընտանեկան խնդիրնեին չեն արձագանքում:Արձագանքում են միայն այն ժամանակ, երբ կինն սպանված է: Այսինքն՝ պետք է դիակ լինի, որ մի բան անեն»,- նշում է կենտրոնի ղեկավարն ու հավելում, որ հաճախ ամուսինները ստիպում են կանանց հետ վերցնել ոստիկանություն ներկայացված բողոքը:
Վանաձորցի Անահիտ Կարապետյանի ամուսինն էլ փայտով՝ ժանգոտած մեխերը վրան, խփել է կնոջ մերկ պարանոցին: Ծեծից հետո կնոջ մեջքից փշեր են հանել, մեխերի առաջացրած վերքերն էլ մի քանի շաբաթ բուժել:
«Ամուսինս ինձ այդպես դաժանաբար ծեծել էր այն բանի համար, որ ես վատ էի զգացել եւ առանց ամուսնուս թույլտվության գնացել էի հիվանդանոց»:
Ըստ Քոչինյանի՝ Լոռու մարզում զգալի թիվ են կազմում ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական բռնության ենթարկված կանայք. «Բոլոր տեսակի բռնությունների խորքում էլ առկա է հոգեբանականը»: Նա բացատրում է, որ հոգեբանական բռնություն է հայհոյանքը, սպառնալիքները, նվաստացումները, վախեցնելը եւ այլն:
2009-ից մինչ օրս 458 կին է դիմել կենտրոն՝ հոգեբանական խորհրդատվություն ստանալու համար: Նրանք բոլորն էլ հոգեբանական բռնության են ենթարկվել:
Վանաձորցի Աստղիկ Հարությունյանի ամուսինն աշխատում է Ռուսաստանում ու նյութապես ապահովում է ընտանիքին, սակայն 36-ամյա կինը չի կարող ասել, թե երջանիկ ընտանիք ունի:
Ռուսաստանից վերադառնալով` ամուսինը վեճի, հայհոյանքների ու ծեծի մշտական մթնոլորտում է պահում իր 3 երեխաների մոր կյանքը:
«Մի անգամ էլ, հերթական վեճի ժամանակ, սիգարետը հանգցրեց դեմքիս: Փորձեցի պաշտպանվել եւ այրվածք ստացա կոպիցս մի փոքր վերեւ, հրաշքով սիգարետը չմտավ աչքս»,- պատմում է կինը, ում համար սակայն, անպատմելի ու սարսափելի են գիշերները անկողնում ամուսնու պահվածքն ու իրեն ուղղված վիրավորանքները:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.