Tuesday, June 28, 2011

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕՐ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ














Հունիսի 23-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես միջազգային Օլիմպիական օր, քանի որ 1894 թվականի այդ օրը հիմնադրվել է Միջազգային Օլիմպիական Կոմիտեն: Հունիսի 23-ին հաջորդող 1 շաբաթվա ընթացքում աշխարհի բոլոր երկրներում կազմակերպվում են բազմաթիվ մարզամշակութային միջոցառումներ, բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Այսօր Չարենցավանի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց օլիմպիական օրվան նվիրված կռոսավազք, որին մասնակցեցին քաղաքի «Ավետիս» ըմբշամարտի մարզական ակումբի, Չարենցավանի ավանդական շոտոկան կարատեի և Կոտայքի մարզի ավանդական շոտոկան կարատե-դո ֆեդերացիաների սաները: Վազքուղին կազմում էր 3 կմ` ընդգրկելով քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներն ու կենտրոնական հրապարակը:

Օլիմպիական օրերը տարբերվում են բոլոր ազգային և այլ տոնակատարություններից: Այդ տոնը չի պատկանում որևէ երկրի, չի մեծարում որևէ անձի, չի նշանավորում հաղթանակ կամ մարզական իրադարաձություն: Դա օլիմպիական շարժման ամենամյա համաշխարհային միակ միջոցառումն է: Դա միասնության օր է:

Կռոսավազքի մասնակիցները կարողացան պատվով կատարել իրենց առջև դրված հանձնարարությունը և արեցին առավելագույնը կարմիր ժապավենը առաջինը կտրելու համար, սակայն իր արագաշարժությամբ աչքի ընկավ հատկապես Չարենցավանի ավանդական շոտոկան կարատեի ֆեդերացիայի սան Վահան Դավթյանը, ով էլ առաջինը հասավ վերջնակետին: Վահանին հաջորդեց «Ավետիս» ըմբշամարտի մարզական ակումբի սան Ավետիս Մալխասյանը: 


Կռոսավազքի ավարտին պատվոգրերի և նվերների արժանացան 1-ից 5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները, հատուկ պատվոգրի արժանացավ վազքարշավի միակ աղջիկ մասնակիցը` Լիա Սահակյանը:

Չարենցավան քաղաքում ակտիվորեն խրախուսվում է առողջ ապրելակերպը, դա է պատճառը, որ յուրաքանչյուր հարմար առիթով կազմակերպվում են մարզական միջոցառումներ: Այս վազքարշավն էլ համախմբել էր քաղաքի մոտ 100 պատանու, ովքեր ևս մեկ անգամ համոզվեցին, որ առողջ մարմնում է ապրում առողջ հոգին:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.