«Ցեպելին Արմենիայի» գրասենյակի եւ կադրերի ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը հայտնեց այցելության նպատակների մասին: Ըստ Է. Հովհաննիսյանի` իրենց կազմակերպությունն իրականացնում է տարաբնույթ ձեռնարկներ՝ միաժամանակ կատարելով ներդրումներ այն ոլորտներում, որտեղ իրենց օգնության կարիքը կա: Այս անգամ հերթը Գավառի մանկատանն էր, որտեղ էլ «Ցեպելին» իրագործել է երկփուլանոց ծրագիր: Ծրագրի մի մասով Գավառի մանկատանը կառուցվել է առանձին լոգարան` 8 առանձին լողախցիկներով: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում մանկատան այգում տեղադրվել են նոր կարուսելներ եւ ամբողջությամբ մշակվել է այգու տարածքի գազոնային ծածկույթը:
<<Ցեպելին>> կազմակերպության ներկայացուցիչները ոչ միայն շրջեցին այգում` արձանագրելով իրենց բարեգործության արդյունքները, այլեւ ծառատունկ իրականացրին:
Այնուհետեւ հյուրերը մանկատան աշխատակազմի եւ տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ շրջեցին մանկատան մասնաշենքերում, եղան ննջասենյակներում, ճաշարանում, խաղասենյակներում, արհեստանոցներում եւ նորակառույց լողասենյակում:
Այնուհետեւ մանկատան սաները օրվա հյուրերի համար հանդես եկան գեղեցիկ միջոցառմամբ` ներկայացնելով երգ ու պար, ասմունք եւ բեմադրություն:
«Ցեպելինի» Հայաստանի գրասենյակի տնօրեն Հայկո Անդրեաս Կրայսելը տեղեկացրեց, որ գերմանական կազմակերպությունը ստեղծվել է 1909 թ., Գերմանիայում` հիմնադրելով դիրիժաբլների առաջին գործարանը: Կազմակերպությունը մինչ օրս շարունակում է իր գործունեությունը` արտադրելով տարատեսակ տեխնիկա: Արտադրությանը զուգահեռ՝ ընկերությունը կատարում է ներդրումներ տարբեր ոլորտներում: Ըստ Հայկո Անդրեաս Կրայսելի` կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է 2005 թվականին:
Միջոցառման ավարտին գերմանական կազմակերպության ներկայացուցիչները մանկատան բոլոր սաներին հանձնեցին նվերներ: Բարեգործները մանուկների համար բերել էին նաեւ տորթ, թութակներ եւ մշկամկներ` մանուկների մեջ կենդանիների նկատմամբ սեր ու հոգատարություն սերմանելու նպատակով:
Անի Պողոսյան
«Գեղամա աշխարհ»
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.