Հրազդանի տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատանքները ընթացքի մեջ են: Այդ աշխատանքների և առկա խնդիրների մասին մեր թղթակիցը զրուցել է Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի բաժնի պետ Պետիկ Մարգարյանի հետ:
- Պարոն Մարգարյան, անցյալ տարիների փորձը ցույց տվեց, որ եղանակային պայմաններից մեծապես տուժեցին գյուղացիական տնտեսությունները, ինչպիսին է այս պահին պատկերը և ինչպես են ընթանում աշխատանքները
- Անցյալ տարի ձյան ուշ տեղալու պատճառով մեր տարածաշրջանում աշնանացան հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունները ցրտահարվեցին, ավելի շատ տուժեցին Ներքին Աղբյուրակ, Վանատուր, մասամբ Կոճոռ և Ջրառատ թաղամասերը:Այս տարի գյուղացիական տնտեսությունների ակտիվությունն ավելացել է:Եթե 2010թ-ին իրականացվել է 368 հա ցանք, ապա այս տարի ավելացվել է` կազմելով 553 հա:Գյուղացիներն էլ մեծամասամբ աճեցնում են կարտոֆիլ, կաղամբ, բանջարաբոստանային կուլտուրաներ:Այս տարի կարտոֆիլի սերմացուն շատ դժվարությամբ ձեռք բերեցինք, պահանջարկը շատ էր, առաջարկը` քիչ:
- Այսօր քաղաքապետարանը որքանով է կանգնած գյուղացու կողքին, ինչպես Է աջակցում տուժած գյուղացիական տնտեսություններին
- Մենք արդեն ուկրաինական արտադրության 10 տոննա գարնանացանի սերմ ենք տրամադրել համայնքում ստեղծված գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, եթե գյուղացին շուկայից գներ,պետք է վճարեր 340 դրամ 1 կգ-ի համար, սակայն կառավարությունը քաղաքապետարանին այդ սերմը տրամադրել է 70 դրամով, մենք էլ անվճար տրամադրել ենք գյուղացուն:Գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սերմը տրամադրելը նաև նպատակ ունի այդ սերմերը բազմացնել հաջորդ տարիների համար:
- Վերջին շրջանում հանրապետության տարբեր տարածքներում տեղացած առատ կարկուտից և անձրևից շատ գյուղացիներ տուժեցին, ինչպիսին է պատկերը մեր համայնքում: Տեղումները նաև գետերի վարարում և հունի բարձրացում են ենթադրում, ինչ աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ:
- Մեզ մոտ, բարեբախտաբար, ուժեղ կարկտահարություններ և ցրտահարություններ չեղան: Ինչ վերաբերում է գետերի հուներին, ապա բարդություներից խույս տալու համար մաքրվել է Հրազդան գետի հունը և բոլոր սելավատարերը, և մի փոքր խնդիրներ են ունեցել ափամերձ տների բնակիչները, բայց ոչ թե ջրերն են լցվել բնակարանները, այլ առատ տեղումների պատճառով ստորգետնյա խոնավություն է նկատվել:
- Առհասարակ, խնդիր է գետերի հուների ամրացումը, մաքրելը մի բան է, ամրացնելը` մեկ այլ:Ինչ քայլեր են ձեռնարկվում հետագայում աղետներից խուսափելու համար
- Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզնից պահանջել են գետերի հուների ամրացման ծրագիր, մենք էլ տրամադրել ենք և սպասում ենք պատասխանին:
- Պ. Մարգարյան, ինչ ակնկալիքներ ունեք այս տարվա աշխատանքներից, արդյունքում գյուղացին ինչ կշահի
- Ճիշտն ասած, Հրազդանը բնակլիմայական պայմանների տեսակետից, այնքան էլ բարվոք վիճակում չի, մենք չենք կարող կանխատեսել, թե որ ամսին մեզ մոտ ինչ կլիմա կլինի, մնում է հուսալ, որ եղանակը անակնկալներ չմատուցի, և գյուղացին գոնե այս տարի իր բերքի արդյունքը վայելի:
- Անասնապահությունը որպես գյուղատնտեսության ոլորտ, ինչպիսի վիճակում է գտնվում, որքանով հայտնի է, այստեղ խնդիրներ են առաջացել պատվաստանյութի հետ կապված
- Այս տարի անասնագլխաքանակը պակասել է, բանն այն է, որ նախորդ տարի գյուղացին սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով` մեծ քանակությամբ կենդանի կամ մորթված վիճակում մանր եղջերավոր անասուններ վաճառեց:Դրան հակառակ, զարգացում է ապրում մեղվաբուծությունը: Սակայն անասնապահության ոլորտում, իսկապես, խնդիրներ կան:Վարակիչ հիվանդություների համար նախատեսված կանխարգելիչ վակցինան ուշ ներմուծվեց Հայաստան, ուստի համայքներին ուշ տրամադրվեց, ամասուններն էլ արդեն արոտավայրերում էին: Իսկ որպես կանոն, պատվաստումները պետք է իրականացվեին մինչ արոտավայրեր տեղափոխելը: Պատվաստումների ուշացնելը կարող է բերել «խշխշան պալար» կոչվող հիվանդության բռնկմանը, որի դեմ պայքարել հնարավոր չի լինի:Այնպես որ մենք էլ քաջ գիտակցում ենք, որ պատվաստումները շատ կարևոր են և ամեն ինչ պետք է անել տեղին ու ժամանակին:Մենք էլ ուշացված աշխատանքները պետք է հասցնենք ավարտուն մակարդակին` հնարավոր բռնկումներից և անկումներից խուսափելու համար:
- Որոնք եք համարում գյուղատնտեսության ոլորտի այն բացթողումները, որի պատճառով գյուղացին տուժում է
- Ճիշտն ասած, խնդիրներ շատ կան, լավ կլիներ, որ կառավարությունը գյուղացուն տրամադրեր աշնանացանի սերմացու,գյուղտեխնիկա, վառելանյութ մատչելի պայմաններով և, որ, ամենակարևորն է, տարեվերջին` բերքահավաքի ավարտին, իրականացվեն պետական այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն արտադրված մթերքի իրացմանը, մի խոսքով, գյուղացին օգուտ քաղի սեփական հողից:
Ինգա Հայրիյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.