Thursday, June 2, 2011

Անհրաժեշտ պաշտպանությո՞ւն. Եղբորն սպանողը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման


















Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, Վանաձորի Սիվաշավան ավանի բնակիչ Ա. Գրիգորյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ 26-ամյա Ա. Գրիգորյանը մեղադրվում էր կրտսեր եղբորը դիտավորությամբ սպանելու մեջ:
Ըստ գործի նյութերի՝ իր հետ համատեղ ապրող եղբոր՝ Է. Գրիգորյանի հետ գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ, 2010թ. փետրվարի 7-ին իրենց բնակարանում տեւական վիճաբանության ու կռվի ժամանակ ամբաստանյալն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է եղբորը՝ սրտի շրջանում: Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է:
Դատարանը մեղադրանքի հիմքում դրված ՀՀ քրօրի 104 հոդվածի առաջին մասը վերաորակեց ՀՀ քրօրի 105 հոդվածի առաջին մասով, այն է՝ «սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը» փոխարինվեց «հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության, ինչը կատարվել է տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաեւ տուժողի՝ պարբերաբար դրսեւորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող իրավիճակի հետեւանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում»:
«Նման քայլով դատարանը դեմ գնաց մեղադրողի դիրքորոշմանը, հակառակվեց դրան,- ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը,- կան դատավորներ, ովքեր դատախազության նվագի տակ են պարում, այս պարագայում դատավոր Մարինե Մելքոնյանի կայացրած որոշումը կարելի է հերոսություն անվանել. եթե այլ դատավորներ լինեին, մեղադրողի միջնորդած պատժից հաստատ 1 կամ լավագույնը՝ 1,5 տարի պակաս կտային»:
Նշենք, որ մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր որպես պատիժ նշանակել ազատազրկում 11 տարի ժամանակով՝ բացառելով ծանրացնող հանգամանքների գոյությունը:
«Այդ միջնորդության մեջ ոչ միայն իրավաբանություն չկար, այլեւ տրամաբանություն: Հավանաբար դա դատարանի վրա ճնշում գործադրելու քայլ էր»,- բացատրում է պաշտպանը:
Ռուբեն Հակոբյանը հավելում է, որ թեեւ դատարանը պատիժը վերաորակել է՝ Ա. Գրիգորյանին տալով ավելի մեղմ պատիժ, այնուամենայնիվ, շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալն ամենեւին էլ չի ցանկացել եղբորը սպանել, որ նրան նաեւ ՀՀ քրօրի 105 հոդվածի առաջին մասով մեղավոր ճանաչելն էր սխալ. «Իմ պաշտպանյալը գործել է հանկարծակի ծագած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում եւ անհրաժեշտ պաշտպանության սահմաններում,-բացատրում է նա,- իսկ դա քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք է»:

Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը՝ Aravot.am


0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.