Friday, June 10, 2011

Աղջիկը, ում բռնաբարել է սեփական հայրը, ապահով ձեռքերում է

  Բուժզննության արդյունքում, երբ պարզվեց,  որ 14-ամյա դեռահաս աղջիկը  հղի է, ջրի երես դուրս եկավ նաև փաստը, որ սեփական հայրը ամիսներ շարունակ նրան ենթարկել  է ֆիզիկական ու սեռական բռնության: Այս մասին աղջիկը  պատմել է մորը, երբ վերջինս  հարցրել է` ով է երեխայի  հայրը:   Վերջին ամիսներին տեղի ունեցող ծեծի, բռնությունների արդյունքում  աղջկա վարքագծում տարօրինակ փոփոխություններ են նկատվել, կապտուկների պատճառով հաճախ է դպրոցից բացակայել:
 Մինչ աղջիկն ու մայրն ունեն աջակցության ու հոգատարության կարիք, բազմաթիվ լրագրողներ քննարկում են  նրա մտավոր հետամնացության հարցը`  մոռանալով, որ բռնաբարության մեջ մեղադրվող հայրը նախկինում  դատապարտված է եղել  սպանության համար:
 Պարզից էլ պարզ է, որ նման իրավիճակում հայտնված երեխայի համար  բնականոն կյանքով ապրելն անհնարին է: Մինչև անցյալ ամառ  աղջիկն ունեցել է նորմալ վարքագիծ, նրան ճանաչողների խոսքերով, խելացի  երեխա էր, ով սովորականի պես շփվում էր ընկերների հետ, օգնում մորը կենցաղային տարբեր հարցերում:
Բարեբախտաբար եղան նաև մարդիկ, ովքեր պատրաստ էին օգնության ձեռք մեկնել նրանց: Ծանր դեպքի բացահայտումից հետո աղջկան  աջակցելու պատասխանատվությունը ստանձնել է Գորիսի կանանց զարգացման “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամը: Կազմակերպությունը տրամադրել է անհրաժեշտ  միջոցներ  և աջակցել աղջնակին ու մորը   Երևան տեղափոխվելու համար:
 Այժմ նրանց համապատասխան օգնություն է ցուցաբերում Երևանի “Կանանց Ռեսուրսային կենտրոն” ՀԿ-ն: Կենրոնի փաստաբանն ու հոգեբանը աշխատում են աղջկա հետ: Երեխան առայժմ հիվանդանոցում է, կկատարվի դատագենետիկական փորձաքննություն, անհրաժեշտ բուժօգնություն ստանալաուց հետո  նա կտեղափոխվի ՀՕՖ:

Հեղինակ` Իրինա Յոլյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.