Friday, June 10, 2011

Փլվել է կեսդարյա դպրոցի շենքը

Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի երկհարկանի շենքն իր գոյության 52 տարիների ընթացքում ոչ մի անգամ չէր հիմնանորգվել, սակայն ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ այն մի օր կփլվի: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ին ժամը 14-ի սահմաններում եւ, Աստծո կամոք, չեն տուժել դպրոցի 240 աշակերտներից ու երեք տասնյակ աշխատակիցներից եւ ոչ ոք:

“Առավոտյան դպրոցում 9-րդ դասարանում մաթեմատիկայի քննություն ենք անցկացրել ու դեպքից կես ժամ առաջ աշակերտներն ու ուսուցիչները տուն էին գնացել, իսկ ես ընդամենը 10 րոպե առաջ էի դուրս եկել շենքից ու ամեն ինչ կատարվեց աչքիս առաջ:

Դպրոցի շենքը փլվել է միջնամասում` 26 մ երկարությամբ եւ 16 մ լայնությամբ մակերեսով: Շենքի առջեւի մասում դասասենյակներն էին, ետնամասում' նիստերի դահլիճը, իսկ առաջին ու նկուղային հարկերը զբաղեցնում էր մարզադահլիճը”,- պատմում է դպրոցի տնօրեն Սլավիկ Գրիգորյանը:

Դպրոցական գույքը, որը նորացվել էր 2008-ին Սոցներդրումների հիմնադրամի աջակցությամբ, եւս վնասվել է, այդ թվում նաեւ համակարգչային տեխնիկան: Սակայն հաջողվել է դրանց մի մասն անվանս դուրս բերել փլատակներից եւ ժամանակավորապես տեղավորել հարեւան Արավուս գյուղի դպրոցում:

2009-ից, պետբյուջեից տրամադրած գումարներով, Տեղ գյուղի դպրոցում առաջին անգամ նորոգման աշխատանքներ էին սկսվել, որոնք այդպես էլ չեն ավարտվել: Սակայն շինարարները հասցրել էին հիմնանորոգել շենքի տանիքը, փոխել դռներն ու լուսամուտները: Այս տարի 50 մլն դրամով նախատեսված էին դպրոցի մարզադահլիճի նորոգումն ու դասասենյակների ներքին հարդարման աշխատանքները:

Կատարվածը դժվար կացության առջեւ է կանգնեցրել դպրոցի կոլեկտիվին` դեռեւս ընթացքի մեջ են ավարտական քննությունները: Սակայն այս հարցի լուծումն արդեն գտել են: 3 օրից օտար լեզվի քննությունները կանցկացվեն գյուղի մշակույթի կենտրոնում, որն արդեն կահավորվել է համապատասխան ձեւով: “Կարեւորն այն է, որ ոչ ոք չի տուժել, մնացած բոլոր խնդիրները լուծելի են”, - ասում է տնօրենը:

Գոհար Իսախանյան, Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.