Thursday, June 30, 2011

ՉԱՐԵՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՉԱՐԵՆՑՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Չարենցավանը` նախկին Լուսավանը, իր ներկայիս անունը ստացել է 1967 թվականին Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Չարենցյան քաղաքը հպարտ է, որ կրում է մեծն բանաստեղծի անունը: Քաղաք մտնող յուրաքանչյուր անձ հենց սկզբից կհասկանա, որ Չարենցավանում է. քաղաքի մուտքի մոտ վեր է խոյանում Գանգրահեր տղայի արձանը` հավերժացնելով Չարենցի երազանքների գալիքն ու գանգրահերների քաղաքը:

Չարենցավանում Չարենցին հիշում են ամեն օր ու ամեն ժամ: Այստեղ հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ` նվիրված մեծն պոետին ու նրա ստեղծագործական ուղուն: Չարենցի մասին կարելի է անվերջ պատմել ու խոսել, դարերից եկող և դեպի դարերն ու պայծառ ապագան հաղթական սլացող բանաստեղծին, սակայն, յուրովի ներկայացրին Չարենցավանի քաղաքային գրադարանի թատերական խմբակի սաները: Մի քանի ամսվա քրտնաջան աշխատանքից հետո թատերական խմբակի ղեկավար Արաքսյա Բալբաբյանը կարողացավ արվեստասեր ու ընթերցասեր հասարակության դատին ներկայացնել մի ներկայացում, որը պատմում էր Եղիշե Չարենցի կյանքի վերջին օրերի մասին

Ներկայացումը մերկացրեց Չարենցի անհիմն դատապարտման ու մեղադրման պատմության մութ էջերը, բացահայտեց բանաստեղծի ապրումներն ու մտորումները, կյանքի դժվարին պահին էլ ստեղծագործելու մղումներն ու լավատեսությունը, վեր հառնեց Չարենց քաղաքացուն և արդարության համար պայքարող մարդու վերսլաց հոգին:  

Ներկայացման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ կոտրել ժամանակի սահմանը, մի պահ զգալ իրեն Չարենցի սերնդակից, իր աչքով տեսնել բանտում Չարենցի տառապանքները, նրա կնոջ հոգեկան ապրումներն ու երեխաների անմեղ հայացքներն այն պահին, երբ ճակատագիրը մեկ վայրկյանում փլուզեց նրանց ընտանիքը:

Եղիշե Չարենցի մասին գիտեն բոլորը, սակայն ոչ բոլորը գիտեն նրա կյանքի վերջին օրերին վերաբերող ճշմարտությունը: Ներկայացման նպատակն էր լույս սփռել այս խավարի վրա, երիտասարդներին նորովի ներկայացնել Չարենց մարդուն և ինչ-որ չափով սեր արթնացնել Չարենցի ստեղծագործությունների նկատմամբ:

Իր ակունքներում խոր փիլիսոփայություն ներառող ներկայացումը հուզեց հանդիսատեսին`նրա հոգում արթնացնելով պատմության էջերում խունացած մեղքի զգացումը:

Կատարյալ բեմադրության և երիտասարդ դերասանների համոզիչ խաղի արդյունքում թատերական խմբակը հրավերք ստացավ ներկայացումը խաղալ նաև Երևանում` Չարենցի տուն-թանգարանում:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.