Tuesday, June 14, 2011

Օգնության ձեռք երիտասարդ կնոջը (տեսանյութ)


Ճակատագրի հեգնանք. Այսպես կարելի է բնորոշել 32-ամյա Լուսինե Զաքարյանի իրավիճակը, ով արդեն 8 ամիս անօգնական գամված է անկողնում: 

Հրազդանի տարածաշրջանի Քաղսի գյուղում վրաերթի ենթարկվելով` Լուսինեն ձեռքերի և ոտքի կոտրվածքով տեղափոխվում է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ բուժվելուց հետո թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվում է Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 

Սոցիալական և կենցաղային անհաշտությունների պատճառով դեռ դեպքից առաջ ամուսինը` Արտակը, հեռանում է` իր հետ տանելով  դուստրերին: Մեծ աղջիկը 14 տարեկան է, փոքրը` 5:

Երևանի բժշկական կենտրոնից վերադառնալուց հետո թերսնուցման և հաճախակի գլխապտույտների հետևանքով երիտասարդ կինը կրկին ընկնում է` այս անգամ վնասելով ողնաշարը: Նա մինչ օրս էլ գամված է անկողնուն: «Հարազատներ չունեմ, ոչ ոք չի օգնում, երեխաներիս կարոտ եմ մնացել», - ասում է Լուսինեն, իսկ բնակարանում ապրելու տարրական պայմաննները` լույսը, գազը, ջուրը, և, որ, ամենակարևորն է` հույսը, բացակայում են: Լուսինեին հաց և ջուր են բերում 2 հարևանները, իսկ մեկ անգամ էլ այցելել է համատիրության նախագահը, բայց ասել, որ ոչնչով օգնել չի կարող: Մինչ օրս Լուսինեն այդ վիճակում է:

 Դեռ մեկ ամիս առաջ մենք անդրադարձել էինք այս կնոջ ճակատագրին` նյութը տարածելով էլեկտրոնային լրատվամիջոցներով, սակայն սայլը տեղից չի շարժվել: Նյութի տպագրումից հետո պատրաստակամություն էր հայտնել մի արտասահմանցի բարերար` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջնորդությամբ   օգնելու այդ կնոջը: Երեկ Լուսինեն հայտնեց, որ իր վիճակն անփոփոխ է մնացել:

Լուսիների միակ ընկերը Աստվածաշունչն է, որին էլ ապավինում է և սպասում հրաշքի: 



Հեղինակ` Ինգա Հայրիյան
Տեսանյութը` Էմին Մաթևոսյանի

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.