Հրազդանի Նար-Դոս թաղամասում ապրում են 40 բնակիչներ: Թաղամասը ձևավորվել է սեփական տների հիմքի վրա: Բնակիչները ժամանակին իրենց սեփական ուժերով թաղամաս մտնող ճանապարհը ասֆալտապատել են, սակայն այսօր հայտնվել են դժվարին կացության մեջ:
Քաղաքում ջրամատակարարման արդիականացման ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների կիսատ-պռատության պատճառով բնակիչներն արդեն 20 օրից ավել է, չեն կարողանում ներս ու դուրս անել:
Բանն այն է, որ նախագծով այդ թաղամասի նոր ջրագծերն անցնում են հենց բնակելի տների դիմացով. իսկ աշխատանքներն իրականացնող ընկերությունը ճանապարհի համապատասխան հատվածները փորելուց հետո փոսալցման և հարթեցման աշխատանքներ չի կատարել:
Տարածքից չեն հեռացվել ո’չ քարերը, ո’չ էլ հողերը: Արդյունքում, վերջին օրերին էլ տեղացած առատ անձրևների հետևանքով թաղամասի բնակիչները հայտնվել են ցեխաջրերի մեջ:
Ավետիս Եղիազարյանն ասում է, որ աշխատանքներն իրականացնող շինարարներն ասել են, որ կա’մ իրենք, կա’մ էլ քաղաքապետարանը անպայման կասֆալտապատի այդ ճանապարհը, սակայն ժամանակն անցնում է, իրենց համբերությունն էլ` հատում:
“Էս ճանապարհը ժամանակին մենք ենք մեր ուժերով ասֆալտապատել, հիմա ուժ չունենք, թող մեր կատարած աշխատանքը չփչացնեն”,- ասում են վրդովված բնակիչները:
Ինգա Հայրիյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.