Նորատուսի արվեստի դպրոցը Նորատուսի համայնքապետարանի շենքում կազմակերպել էր հաշվետվություն-ցուցահանդես: Համայնքապետարանի պատերի ներքո ցուցադրվեցին արվեստի դպրոցի նկարչական դասարանի աշակերտների 2010-2011 ուսումնական տարվա լավագույն գործերը:
Միջոցառմանը կատարումներով հանդես եկան նաեւ արվեստի դպրոցի ժողգործիքներ բաժնի սաները: Օրն համեմվեց դպրոցի երգչախմբի երգերով` կամրջելով երգ-երաժշտությունն ու գեղանկարչությունը: Նկարչական բաժնի շրջանավարտները հյուրերին համառոտակի ներկայացրին իրենց 5-ամյա կրթական տարիների ընթացքում ձեռքբերած գիտելիքների մասին: Խոսվեց այն մեթոդների ու գեղագիտական մոտեցումների մասին, որոնց հավատարիմ հետնորդ Մարգարիտա Հովեյանն իր աշակերտների մեջ սերմանել է սերն ու նվիրումը արվեստի հանդեպ:
Աշակերտների գեղագիտական կրթության կազմակերպմանն իր աջակցությունն է բերում նաեւ Նորատուսի արվեստի դպրոցի տնօրեն Կարեն Սիրականյանը:
Նորատուսի արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի Մարգարիտա Հովեյանը նշեց, որ դպրոցում գործում է նկարչության 5-ամյա դասարան, որտեղ ընդհանուր հաշվով սովորում է շուրջ 40 աշակերտ: Մ. Հովեյանը, ով սովորել է գեղանկարիչ Ստեփան Մինասյանի դասարանում, իր սաների դասընթացը կազմակերպում է տարաբնույթ մեթոդներով: Նրանց համար բազմիցս կազմակերպվել է նկարչություն բնության գրկում:
Աշակերտների գեղագիտական կրթությունը խորացնելու նպատակով պատանի նկարիչների համար այս տարի կազմակերպվել է շուրջ 6 այցելություն Հայաստանի թանգարաններում ու պատկերասրահներում: Նրանք եղել են ՀՀ բնապահպանության պետական թանգարանում, Սեւանի բնապահպանության պետական թանգարանում, Ծաղկաձորի Օրբելի եղբայրների թանգարանում, ՀՀ պետական պատկերասրահում: Մ. Հովեյանի ջանքերով ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ Հայաստանի ճանաչված գեղանկարիչների ու արվեստագետների հետ:
Դպրոցի նկարչական խմբակը ակտիվորեն մասնակցում է տարբեր ծրագրերի: Այժմ նկարչական դասարանը պատրաստվում է <<Մարդը եւ բնությունը>> խորագիրը կրող <<Արեւորդի>> ցուցահանդեսին, որտեղ նկարիչներին հնարավորություն կտրվի վրձնի լեզվով արտահայտել մարդը եւ բնությունը կապը: Նրանք նաեւ նախապատրաստվում են Վիվասել ՄՏՍ-ի կողմից հայտարարված <<Բնություն եւ Վիվասել ՄՏՍ-ի ապրանքանիշը>> խորագրով մրցույթին:
Անի Պողոսյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.