Friday, June 3, 2011

ՊՏՏԱՀՈՂՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ

Երեկ՝ ժամը 16:45 րոպեի սահմաններում, ուժեղ փոթորկից հետո Չարենցավան քաղաքի երկնակամարում ի հայտ եկած խոշոր պտտահողմը՝ ուղեկցվելով հորդառատ անձրևով, վայրկյաններ հետո սկսեց իր ավերիչ գործը: Արդյունքում՝ արմատախիլ եղած ծառեր, ծառերի կոտրված ճյուղեր, վնասված ավտոմեքենաներ: Տարօրինակ պտտահողմը կոտրել է ալեհավաքները, տանիքների թիթեղներն ու բազրիքները, շենքերի ջրահեռացման խողովակները, իսկ մի քանի դպրոցների և բազմաբնակարան շենքերի տանիքներ ամբողջությամբ պոկել-տարել է: Ընդհանուր թվով վնասվել է 13 բազմաբնակարան շենքի տանիք: 

Երեկ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի գլխավորությամբ անմիջապես հրավիրվեց արտահերթ խորհրդակցություն, որի ընթացքում ստեղծվեց արտակարգ իրավիճակների հանձնաժողով՝ վնասի չափը ճշտելու, հաշվարկներ կատարելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար: 

Պտտահողմի ավարտից հետո քաղաքային իշխանությունները փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ սկսեցին վերականգնողական աշխատանքները: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ պտտահողմերը մեր հանրապետությանը բնորոշ չեն, և առաջին անգամ մեր ազգաբնակչությունը բնության  բացառիկ գեղեցիկ, բայց և ավերիչ այս երևույթի ականատեսն եղավ:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.