Tuesday, June 21, 2011

Գեղարքունիքի մարզում ընտրվում են դպրոցներում շախմատ դասավանդող ուսուցիչներ

170 դիմողից նախընտրական առաջին փուլն անցել են 61 ուսուցիչներ: Ավարտվել է Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկան դասավանդելու համար նախընտրական փուլը, որին մասնակցելու համար մարզի հանրակրթական դպրոցներն առաջադրել են շուրջ 125 թեկնածու: Եվս 35 շախմատի մասնագետներ առաջադրել են համայնքները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, ընտրական առաջին փուլն անցկացվել է ՀՀ շախմատի ակադեմիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի մասնակցությամբ:
Ընտրական փուլում Գավառի տարածաշրջանի 24 դպրոցի ներկայացուցիչներից ընտրվել է 8 ուսուցիչ, Սեւանի տարածաշրջանի 18 դպրոցից' 1 ներկայացուցիչ, Մարտունու տարածաշրջանի 28 դպրոցից' 22 ներկայացուցիչ, Վարդենիսի տարածաշրջանի 35 դպրոցից' 21 եւ Ճամբարակի 17 դպրոցից' 9 ուսուցիչ: Ընտրված ուսուցիչներն այս պահին ՀՀ շախմատի ակադեմիայում մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, որից հետո կստանան շախմատ դասավանդելու վկայական: Այս պահին հաշվառվում են մարզի հանրակրթական բոլոր դպրոցների երկրորդ դասարանցիները, քանի որ այս տարվա ուսումնական պլանի համաձայն' նախատեսված է շախմատ դասավանդել միայն հանրակրթական դպրոցների երկրորդ դասարաններում:
Դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համար կկազմակերպվի լրացուցիչ ընտրություն:
Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.