Saturday, June 4, 2011

Արոտավայրը՝ 529.000 դրամով


Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, շարունակվում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցի քննությունը՝ ընդդեմ նույն գյուղի բնակիչ Գեւորգ Մելքոնյանի:

Համայնքի ղեկավարը համագյուղացուն մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը հրապարակավ արատավորելու մեջ: 
 

«Պատասխանողն այդ հոդվածում ասում է, որ ես ապօրինի հանք եմ դրել: Ես հանք չեմ դրել: Զրպարտություն է նաեւ, որ ես հանցավոր համաձայնության եմ եկել Սամվել Հարությունյանի հետ: Ինչպես նաեւ «մենք ուզում ենք իմանալ՝ այստեղ արածողը Սամվե՞լն ա լինելու, գյուղապե՞տը, թե՝ ավագանին...», վիրավորական արտահայտություն է, որի համար պահանջում եմ, բնականաբար, հրապարակավ նույն լրատվամիջոցով ներողություն խնդրել»,- բացատրում է Լեռնապատի համայնքապետը: 
 
Պատասխանողի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, գյուղացու արած արտահայտությունները զրպարտություն չի համարում, իսկ Գեւորգ Մելքոնյանն էլ շարունակում է պնդել, որ ինքը չի վիրավորել համայնքապետին, այլ ընդամենը ճշմարտությունն է ասել: Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Լեռնապատի համայնքապետը 20 հա արոտավայրը վարձակալության է տվել «Կասկադ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Հարությունյանին՝ ստանալով 529 000 ՀՀ դրամ: 
 

«Այնինչ, արոտավայրերի վարձակալության գումարը 1 հա տարածքի համար տարեկան 1000 դրամ է,- բացատրում է Սաքունցը,- ստացվում է՝ 26 անգամ Ս. Հարությունյանը ավելի է վճարել, եւ դա այն դեպքում, երբ «Կասկադ» ՍՊԸ-ն այդտեղ գյուղատնտեսությամբ չի զբաղվում եւ կանոնադրությամբ էլ չունի զբաղվելու լիազորություն»:
 
Ըստ իրավապաշտպանի՝ հարց է ծագում. շահույթ հետապնդող կազմակերպությունը ինչո՞ւ է հենց այնպես շատ ավելի մեծ գումար տվել այդ տարածքի համար: 
 

«Սամվել Հարությունյանը բիզնեսում շահույթ հետապնդող մարդ է: Հենց այնպես արոտավայրի համար կես միլիոն դրամ ինչո՞ւ է տալիս: Վարձակալության նման պայմանները չեն համապատասխանում բիզնեսի տրամաբանությանը»,- տարակուսում է իրավապաշտպանը:
 
Սաքունցն ասում է, որ գյուղապետը գյուղացիներին պատասխանել է, որ այդ տարածքը ՍՊԸ-ն կարող է օգտագործել միայն գյուղատնտեսական նշանակության համար, միեւնույն ժամանակ չարգելելով «Կասկադ» ՍՊԸ-ին տարածքում բնական պաշարների հետազոտման աշխատանքներ իրականացնել»: «Ահա թե ինչու են գյուղացիները, տեսնելով, որ արոտավայրում բնական պաշարների հետազոտման աշխատանքներ են իրականացվում, բարձրաձայնել են, թե համայնքապետը հանցավոր համաձայնության է եկել Սամվել Հարությունյանի հետ: Իսկ այդ արտահայտությունների խորքում առկա են լուրջ հիմքեր»:
 
Մյուս կողմից՝ իրավապաշտպանը կարծիք է հայտնում, որ նախաքննության մարմինը իր ոչ համարժեք մոտեցման պայմաններում խրախուսում է Եղիազարյանին, որպեսզի նա իր ունեցած լիազորություններն օգտագործի եւ ճնշումներ գործադրի գյուղացիների նկատմամբ՝ դատական հետապնդում իրականացնի. «Գյուղացիների նկատմամբ սկսված դատական գործերը ես դիտարկում եմ որպես հետապնդում կարծիքի արտահայտման համար, որում մեղավորություն ունեն իրավապահ մարմինները»:
 
Սաքունցի խոսքերով, արդեն 1 տարուց ավելի է՝ գործը քննում են, բայց Վանո Եղիազարյանը մինչ օրս իր պաշտոնական լիազորությունները կատարում է՝ այդկերպ հնարավորություն ունենալով օգտվել պաշտոնական լիազորություններից՝ ազդելու վկաների վրա, ինչի մասին գյուղացիներից ահազանգ է եղել:
 
Սաքունցը հավելում է, որ այստեղ առկա է նաեւ Լոռու մարզպետի անգործության փաստը. «Եթե անձի նկատմամբ քրգործ է հարուցվել, ապա ինչպես են թողնում, որ նա պաշտոնական լիազորությունները շարունակի»:
 
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վ. Եղիազարյանի դեմ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում քրգործ էր հարուցվել:
Համայնքապետը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացնելու մեջ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:


Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը՝ Aravot.am 





0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.