Wednesday, June 22, 2011

ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ԱՌԱՋԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ

Գեղարքունյաց թեմի նախաձեռնությամբ բացված Գավառի համայնքային սոցիալական կենտրոնը գործում է սկսած 2010 թվականի նոյեմբերից: Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի հավաստմամբ` 2004 թվականից թեմի նախկին առաջնորդ Դերենիկ Վարդապետի նախաձեռնությամբ եւ ամերիկաբնակ Այլանճյան ընտանիքի ֆինանսավորմամբ գնվել է նախկին սարքաշինական գործարանի վարչական շենքը՝ կրթական կենտրոն հիմնելու նպատակով: Սկսած այդ ժամանակներից` սկիզբ են առել կառույցի վերանորոգման աշխատանքները: Վերանորոգման աշխատանքներում իր ներդրումն է ունեցել Սան Ֆրանցիսկոյի հայկական ծուխը, որի ներկայացուցիչը հաճախ է այցելում Գավառ եւ նվիրատվություն տալիս Գավառի Ս. Աստվածամայր եկեղեցուն: Այսօր արդեն համայնքային սոցիալական կենտրոնը շեն վիճակում է, ուր հաճախում են Գավառ քաղաքի եւ Գանձակ գյուղի սոցիալապես խոցելի խավի շուրջ 8 տասնյակի հասնող 10-ից 14 տարեկան երեխաներ:

Համայնքային սոցիալական կենտրոնում սաները մասնակցում են ձեռքի աշխատանքների, գորգագործության, ձեռագործության, ուլունքագործության, անգլերենի եւ համակարգչային հմտությունների ուսուցման դասընթացներին: Սեպտեմբերին կազմակերպվող դասընթացներին կավելանան նաեւ նկարչության եւ ավիամոդելիզմի խմբակները:

Համայնքային սոցիալական կենտրոնի բոլոր սաներն էլ ստանում են քրիստոնեական դաստիարակություն:

Ինչպես տեղեկացանք համայնքային սոցիալական կենտրոնի աշխատակից Հասմիկ Սեթաղյանից` օրերս համակարգչային խմբակներիի սաները ստացել են ՙՀամակարգչային գրագիտության եռամսյա դասընթացների՚ մասնակցության վկայական: Ըստ Հ. Սեթաղյանի` համայնքային սոցիալական կենտրոնում գործում է 5 համակարգչային խմբակ, որտեղ սովորողների թիվը գերազանցում է վաթսունը: Սովորողները պարապմունքների ընթացքում ծանոթացել եւ հմտորեն տիրապետում են WINDOWS XP եւ MS ծրագրերին:

Գեղարքունյաց թեմի համայնքային սոցիալական կենտրոնին իրենց ֆինանսական աջակցությունն են բերում <<Համաշխարհային եկեղեցիների կլոր սեղան>> միջազգային կազմակերպությունը, Սան-Ֆրանցիսկոյի հայկական ծուխը, Վորլդ Վիժն կազմակերպությունը:

Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.