Thursday, June 23, 2011

ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ՊՐՈՖԵՍՈՐԻ ՎԱՂԵՄԻ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանի մասնաշենքերից մեկի առաջին հարկում ձեռնարկվել է հնագիտական թանգարանի ստեղծումը, որի բացումը կկայանա այս տարվա սեպտեմբերին:

ԳՊՀ դասախոս, պրոֆեսոր եւ հնագետ Վարշամ Ավետյանը նշում է, թանգարանը հիմնվում է իր իսկ նախաձեռնությամբ, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի աջակցությամբ: Արդեն ընտրվել է թանգարանի տարածքը, ճաղապատվել են պատուհանները, տեղադրվել են հնագիտական արժեք ներկայացնող նյութերը: Դրանք անցնում են 1700-ից եւ ներկայացնում են հնադարից մինչեւ միջին դարերն ընկած ժամանակաշրջանները: Այդ հավաքածունները անձամբ ձեռք է բերել Վ. Ավետյանը իր աշխատանքային 50-60 տարիների ընթացքում` կատարած պեղումների, նվիրատվությունների կամ գնումների հաշվին: Հնագիտական նյութերը ձեռք են բերվել ինչպես Հայաստանի բոլոր մարզերից, այնպես էլ հայկական մի շարք գաղթօջախներից: Այդ նյութերի մեջ տեղ են գտել խեցեղեն, բրոնզե եւ երկաթե զենքեր, զարդեր, դրամներ, աշխատանքային գործիքներ, կիրառական արվեստի նմուշներ, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ավելի մոտիկից ծանոթանալ եւ գաղափար կազմել դրամագիտության, վիմագրության, թանգարանագիտության, պատմության հնագույն շրջանի ազգագրության եւ պատմագիտական այլ ճյուղերի մասին:

Վ. Ավետյանը համոզված է, որ առաջիկայում թանգարանը կհարստանա հնագիտական նոր արժեքներով, որոնք կհամալրվեն ուսանողների եւ դասախոսների ջանքերով: Թանգարանի հիմնումը եղել է բազմավաստակ պրոֆեսորի վաղեմի երազանքը: Նա կարծում է, որ հնագիտական արժեքներով հարուստ Գեղարքունիքի մարզը հողի տակ թաքնված շատ արժեքներ ունի, որոնք պետք է ոչ միայն հողի երես հանել, այլ նաեւ դարձնել մեր ժողովրդի գիտական ուսումնասիրության նյութ եւ միջոց:

Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.