Wednesday, June 1, 2011

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԵՐԳԵՀՈՆԱՀԱՐ ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ

ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, երաժշտական աշխարհում լայն ճանաչում վաստակած երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանն այս տարի նշում է իր ծննդյան 80-ամյա հոբելյանը, որի շրջանակներում ծրագրված են տարաբնույթ միջոցառումներ և համերգներ: Հաշվի առնելով այն հաճելի փաստը, որ Չարենցավանի Արամ Խաչատուրյանի անվան երաժշական դպրոցը հանրապետության բացառիկ երաժշտական կրթօջախներից է, որտեղ կա երգեհոն՝ ՀՀ մշակույթի նախարարության և Չարենցավանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում այստեղ կայացավ երգեհոնային երաժշտության երեկո, որի ընթացքում ելույթ ունեցան Վահագն Ստամբոլցյանը, Աննա Բակունցը, Թերեզա Ոսկանյանը, Աշոտ Անդրիկյանը և Արմեն Աղաջանյանը: Երեկոյի ընթացքում հնչեցին Բախի ստեղծագործություններն ու հայ հոգևոր երաժշտության լավագույն նմուշները: Հայ եկեղեցական երաժշտության զարգացման ու տարածման բնագավառում հսկայական է մեծատաղանդ երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի դերակատարությունը: Հենց նրա կատարմամբ ոչ միայն հայաստանյան, այլև աշխարհի տարբեր բեմերից առաջին անգամ հնչեց հայ միջնադարյան հոգևոր երաժշտությունը: Երգեհոնային երեկոն մաքրագործող ազդեցություն ունեցավ: Ամենուր հնչող անորակ ու անճաշակ երգերից հետո հանդիսատեսը նորովի ընկալեց իսկական երաժշտությունը: Համերգի վերջում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի կողմից Վահագն Ստամբոլցյանն արժանացավ շնորհակալագրի: Մաեստրոն հուզված էր, մեծ դժվարությամբ կարողացավ խոսել ու շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր, գնահատելով երգեհոնային երաժշտարվեստը, այդ հոբելյանական երեկոյի ընթացքում իր կողքին էին:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.