Wednesday, June 8, 2011

ՀՈԳՍԱՇԱՏ ՀԱՑԱՌԱՏ \ՏԵՍԱՆՅՈՒԹ\


Բնակիչների  դիմումները առարկայական պատասխանի չեն արժանացել, հուսահատ հացառատցիները պատրաստվում են <<անկախանալ>>.


Գարնանային անձրևները Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչների առանց այդ էլ մեծաթիվ հոգսերին ավելացնում են ևս մեկը. այստեղով անցնող Գավառագետի վարարումը  մարդկանց նկուղներն ու հողամասերը ջրասույզ է անում:  

Տագնապած բնակիչներն արդեն չգիտեն էլ ում դիմեն. մինչև նախագահական էլ դիմել են` մինչ այդ թակելով  քաղաքային ու մարզային իշխանությունների դռները: 64-ամյա Փայլիկ Հակոբյանը բնակվում է միայնակ. ամուսինը մահացել է,տղան <<խոպանում է>>: Խոնավության մեջ ապրող կինն ասում է, որ  արդեն հոգնել են դիմումներ ներկայացնելու վազքից. <<Քաղաքապետարանից ուղարկում էին մարզպետարան,մարզպետարանից էլ` քաղաքապետարան: Տեսանք ճար չկա` դիմեցինք  տարածքային կառավարիչին…>>:  Փոխվարչապետից բացի հացառատցիները դիմել են նաև վարչապետին ու նախագահին: 

Բանն այն է, որ Գավառագետը նաև որպես հեղեղատար է հանդիսանում: Գարնանային վարարումների ժամանակ կուտակված տիղմը բարձրացնում է ջրի մակարդակը ու այն լցվում է մարդկանց տները: Հողամասերի մեծ մասն էլ ` շուրջ 85-90 տոկոսը, չի ցանվում նաև այս պատճառով: Այն դեպքում, երբ անունն էլ է հուշում ժամանակին նրա հացի շտեմարան լինելու մասին:

Քաղաքապետարանում պատճառաբանում են, որ աղբ է լցվում գետը, ինչը հերքում են թաղամասի բնակիչները: Ըստ հացառատցիների, վերջին անգամ երկու տարի առաջ է մաքրվել գետը, իսկ իրենց դիմումներին ի պատասխան` քաղաքապետարանում ասում են,որ միջոցներ չունեն… Վրդովված բնակիչների համար սա անհասկանալի է, քանի որ Հացառատում  իրենց մուծած տեղական հարկերի որևէ ծախսում չեն տեսնում: <<Նախագահին հեռագիր ենք ուղակել,պատասխանը եկել է մարզպետարան,որ ուսումնասիրեն: Բա մինչ էդ ինչ էին անում:Չգիտենք` ինչ անենք: Առաջ` խորհրդային տարիներին,տարեկան անգամ եկու անգամ էին մաքրում գետը…>>,-ասում է 54-ամյա Համլետ Եդոյանը:

Գավառ քաղաքի մոտ 30 հազար բնակիչների ավելի քան 2/3-ը` շուրջ 12 հազար մարդ, Հացառատում  է ապրում` զուրկ քաղաքի բնակչին հասու որևէ միջոցից: Մարզպետի ու քաղաքապետի նստավայրերից մի քանի մետր հեռավորությամբ գտնվող թաղամասի ճանապարհներն անգամ գյուղական բնակավայրի համար հեռու են բավարար լինելուց,էլ ուր մնաց խոսք լիներ գիշերային լուսավորության, մշակութային ու ժամանցային կենտրոնների գործունեության մասին(այդպիսիք այստեղ չկան,այն դեպքում երբ Գավառ քաղաքում մի քանի մշակութային կրթօջախներ ու այլ հաստատություններ կան)…  Դժվարանցանելի են թե Ծաղկաշեն գյուղին կապող միջհամայնքային ճանապարհը, թե ներհամայնքային փողոցները. Եթե գյուղի կենտրոնն է այս վիճակում, էլ ուր մնացին երկրորդական ճանապարհները… 


Ըստ բնակիչների, 1991 թվականից ի վեր այստեղ ճանապարհների վերանորոգում չի  կատարվել: Հացառատցին հասկանում է, որ պետության սոցիալ-տնտեսական վիճակը  գուցե թույլ չի տալիս  ասֆալտապատման թանկ հաճույքից օգտվել, բայց դե գոնե բարեկարգման-փոսալցման աշխատանքեր կատարել հո կարող ե ՞ ն: <<Մնում է Հացառատի անունը փոխենք,դնենք  <<Փոսառատ>>,  պրծնենք>>,- ասում են մարդիկ,-<<Ոչ քաղաքացի ենք,ոչ` գյուղացի,չգիտենք մեր կարգավիճակը:Քաղաքապետ,մարզպետ,թե`պատգամավոր. ոչ մեկը մեզ չի հիշում,Հացառատի ճամփան էլ են մոռացել:Գուցե ընդհանրապես Գեղարքունիքի մարզի ու մեր երկրի քարտեզին չկանք>>:         

Հացառատը ժամանակին գյուղ է եղել, դեռևս խորհրդային տարիներին` 1960-ական թվականներին մտցվել է  այնժամանակ Կամո, ներկայիս Գավառ քաղաքի վարչական ենթակայության տակ:  Աստիճանաբար կուտակված խնդիրների հետևանքով գյուղը տարեցտարի դատարկվում է, երիտասարդությունը, որևէ հեռանկար չտեսնելով այստեղ, հեռանում է:                                                                       
Մինչ կառավարությունը բարձրաձայնում է գյուղատնտեսական սուբսիդիաների,սերմացուի տրամադրման մասին` հացառատցուն նմանատիպ որևէ օժանդակության մասին տեղեկատվություն անգամ հասու չի եղել, էլ ուր մնաց օգտվի…

Յուրաքանչյուր համայնքում, եթե ընդերքից հանածո է շահագործվում, որոշակի ներդրում է արվում բնակչության կարիքների համար, բայց այստեղ էլ հացառատցու բախտը չի բերել.  ժամանակին այստեղ  կառուցված պոմպակայանը մշտական խմելու ջր ով էր ապահովում ոչ միայն Հացառատ թաղամասը,այլև Գավառ քաղաքի այլ թաղամասերն  ու շրջանի բազմաթիվ այլ համայնքերի : Այսօր հացառատցիների շուրջ 40 տոկոսը խմելու ջրից զուրկ է ամռանը, մի մասն ընդհանրապես ջուր չունի, իսկ մյուս մասն էլ այն ստանում է  2-3 ժամյա գրաֆիկով: Էլ չենք խոսում  <<համամարզային,համապետական>> գյուղատնտեսական  խնդիրների մասին:
                                                                                                         
Ի դեպ, նմանատիպ խնդիրներ են առկա նաև Արծվաքար գյուղ-թաղամասում,որի բնակիչները վերջերս  ստիպված իրենց դժգոհությունը արտահայտել էին Վարդենիս-Երևան մայրուղու Գավառի հատվածը փակելով: Իսկ հացառատցիներն, այլևս որևէ հույս չկապելով  քաղաքային իշխանությունների հետ, իրենց խնդիրների մեծ մասի  լուծումը տեսնում են 1961 թվականի կառավարական որոշման վերանայումը և գյուղին որպես առանձին համայնք կարգավիճակի տրամադրումը: Այս առաջարկով նրանք պատրաստվում են դիմել կառավարությանը:

Թեմայի վերաբերյալ տես նաև հետևյալ հղումները` Երկիր ,L.ragir.am ,Երկիր  

                                                   Վրույր Մալխասյան  http://vruyr.blogspot.com/ 

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.