Thursday, June 9, 2011

Փող ու անբարեհամբույր վերաբերմունք

Կապանցիները կես կատակ-կես լուրջ որոշել են առաջարկել քաղաքապետարանին՝ անցկացնել մանկապարտեզների տնօրենների ատեստացիա: Եվ արդյունքում շարունակի աշխատել այն տնօրենը, ում ախորժակը փոքր է: Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները դժգոհում են, որ ավարտական խմբերում դաստիարակների ու տնօրենների համար նվերներ գնելու նպատակով փող են հավաքում: Նույնիսկ պատմում են, որ տնօրեններից մեկը դժգոհել է, որ իր նվերն էժան է դաստիարակի համեմատ:Իհարկե, ողջ ուսումնական տարվա ընթացքում երեխաներից ամսական 200-ական դրամ են հավաքում մանր-մունր բաներ գնելու համար: Ասենք՝ գրենական պիտույքներ, տնտեսական իրեր: Ծնողները դեմ չեն մանկապարտեզներին օգնելու՝ մեր երեխաների համար ենք անում: Սակայն դժգոհում են դաստիարակների վերաբերմունքից՝ անբարեհամբույր են: Նույնիսկ հանրապետության լավագույն դաստիարակի կոչման արժանացածի խմբից երեխաներին հանում, տանում այլ խումբ կամ մանկապարտեզ:  Կապանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Անուշ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզներում արգելված է դրամահավաքությունը: «Նախկինում ֆոնդի համար 100-ական դրամ էին հավաքում, իսկ հիմա, Կապանի քաղաքապետի որոշմամբ, այդ գումարը տալիս է քաղաքապետարանը: Ավելին, մանկապարտեզներն ունեն հովանավորներ, ուստի զարմանալի է, որ նման բաներ կան»,- ասաց տիկին Սիմոնյանը: Վերջինս նաեւ նշեց, որ իրենք բողոք չեն ստացել, ու հորդորեց ծնողներին ներկայանալ քաղաքապետարան: Կապանի թվով 12 մանկապարտեզ 1350 երեխա է հաճախում:Վերջին տարիներին թիվն աճել է, ու մի քանի մանկապարտեզներում նույնիսկ մահճակալները չեն բավարարում, որպեսզի երեխաները քնեն: Իհարկե, ծնողները գնում են դրան՝ տեղյակ լինելով իրավիճակին: Ամեն դեպքում, պատասխանատուները գտնում են, որ նոր մանկապարտեզ կառուցելու խնդիր կա:
Արմեն Դավթյան, Կապան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.