Thursday, June 9, 2011

ԱՐԾՎԱՔԱՐԸ ԿՈՒՆԵՆԱ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ


Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի եւ մղիչ պոմպակայանի կառուցման աշխատանքներ: Ըստ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գավառի տեղամասի պետ Մարտին Ղուդեյանի` ծրագիրն իրականացվում է Գավառի քաղաքապետարանի եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ համագործակցությամբ: «Հայջրմուղկոյուղու» ՚ներդրումը կազմում է մոտ 12 միլիոն, Գավառի քաղաքապետարանի ներդրումը` 3.5 միլիոն դրամ

 Շինարարական աշխատանքները կավարտվեն մոտ 10 օրից, ինչի արդյունքում թաղամասի 547 տնտեսությունները կամ բաժանորդները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Այս պահի դրությամբ էլ Արծվաքարում խմելու ջուր սպառողներին մատակարարվում է 2-4 ժամ տեւողությամբ, իսկ մոտ 100 տնտեսություն ընդհանրապես խմելու ջրից զրկված են` այն կրելով մոտակա թաղամասերի ծորակներից: Կառուցվող 3 կիլոմետր երկարության ներքին ցանցի եւ մղիչ պոմպակայանի շահագործմամբ Արծվաքարում լուծում կստանա տարիներ տեւած եւ անլուծելի թվացող խմելու ջրի մատակարարման բարելավման խնդիրը:  

Ներքին ցանցը կառուցվում է պոլիէթիլենային խողովակներով: Այս աշխատանքներին զուգահեռ` Գավառ քաղաքի «Զորավար Անդրանիկ» եւ «Բարեկամություն» թաղամասերում շարունակվում են խմելու ջրատարի ներքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքները, ինչի շնորհիվ 5 բազմաբնակարան շենքերի եւ 70 առանձնատների բնակիչները կունենան շուրջօրյա ջրամատակարարում նախկին 6-7 ժամի փոխարեն: Վերոնշյալ վերջին երկու թաղամասերի ջրատարների ներքին ցանցերը բացառապես փոփոխվում են` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներդրումների հաշվին:
Անի Պողոսյան
«Գեղամա աշխարհ»

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.