Monday, June 27, 2011

«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍԱ ԼԱՎ ԱՎԱՐՏ ՉԻ ՈՒՆԵՆԱ». Ինքնասպանության փորձ արած Վահե Սանթրոսյանի մայրը պնդում է, որ որդուն անարդարացիորեն են դատապարտել

22-ամյա դիլիջանցի Վահե Սանթրոսյանի մայրը՝ Հրանուշ Կոխլիկյանը համոզված է, որ որդին կրկին դիմելու է ինքնասպանության փորձի:
«
Շատ անհանգստանում եմ նրա համար: Անարդար վճիռ կայացավ, որից հետո որդիս կատարեց ինքնասպանության փորձ, ես համոզված եմ, որ կրկին կկատարի, քանի որ բոլորովին չի հանդարտվում: Ամեն անգամ նրան այցելելիս տեսնում եմ, որ հուսահատ վիճակում է, լրիվ հույսը կորցրած: Վախենում եմ, որ սա լավ ավարտ չի ունենա»,- ասում է տիկին Հրանուշը:
Մայրը նշում է, որ Վահեն գողություն չի կատարել, ավելին՝ հանցագործության իրական կատարողին դատարանը ազատ է արձակել. «Ցավալին այն է, որ այսօր հանցագործության իրական կատարողը դրսում է, իսկ նրա փոխարեն պատիժն այլ մարդ է կրում»:
Հունիսի 9-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, ամբաստանյալ Վահե Սանթրոսյանին դատապարտել է ազատազրկման՝ 3 տարի ժամանակով:
Նույն օրը Իջեւանի ոստիկանությունում Վահեն երկաթե կոճակի միջոցով վնասել էր թեւերի երակներն ու որովայնը:
22-
ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:
Նրա պաշտպան Կարինե Գասպարյանն ասում է, որ նախաքննական ու դատաքննական մարմինը թույլ են տվել կոպիտ սխալներ, իր պաշտպանյալն էլ դատապարտվել է 1 անձի հակասական ցուցմունքի հիման վրա:
Նա կարծիք է հայտնում, որ հատկապես մարզերում դատարանները կախման մեջ են դատախազությունից:
«
Նման պայմաններում մեկ անձի հակասական ցուցմունքի հիման վրա են դատում: Ոստիկանություն, դատախազություն եւ դատարան՝ մի շղթա է, որում մեկը մյուսի դեմ հիմնականում փորձում են դուրս չգալ: Տավուշի մարզի դատարանից սրան հակառակ գնալու քայլեր չեմ ակնկալում, որովհետեւ մի քանի անգամ առնչվել եմ նրա հետ եւ տեսել եմ՝ ուղղակիորեն մեղադրողի շահի պաշտպանություն է՝ ոչ արդար մոտեցում մեղադրյալի նկատմամբ»,- ասում է պաշտպանը: 
Դատարանի որոշումը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան:


Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը՝ Aravot.am



0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.