Thursday, June 23, 2011

ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԿԱՐՃԱՂԲՅՈՒՐՈՒՄ

Հունիս ամսից Կարճաղբյուրում մեծ թափ են առել համայնքի համար կենսական նշանակության աշխատանքներ: Կարճաղբյուրում կառուցվում է երրորդ կարգի ոռոգման ցանց, եւ ամբողջությամբ հիմնանորոգվում է գյուղի մանկապարտեզի շենքը:
Ինչպես տեղեկացրեց Կարճաղբյուրի համայնքապետ Տարոն Քոչարյանը` գյուղի երրորդ կարգի 1500 մետր երկարությամբ ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են <<Հազարամյակի մարտահրավերներ>> ծրագրի միջոցներով: <<Հազարամյակի մարտահրավերներ>> ծրագիրը աշխատանքների համար կհատկացնի 49 միլիոն դրամ: Աշխատանքներում իր ներդրումն ունի նաեւ համայնքը` 6 մլն դրամի չափով: Ջրանցքի շինարարության ավարտը նախատեսված է օգոստոսի վերջերին: Ծրագրի ավարտի արդյունքում Կարճաղբյուրում ոռոգելի հողատեսքերը կավելանան 120 հեկտարով:
Մանկապարտեզի շենքը հիմնանորոգվում է ՀՀ կրթության նախարարության ԾԻԳ-ի, Վորլդ Վիժն բարեգործական ՀԿ-ի եւ համայնքի ֆինանսական հատկացումներով: 16 հազար դոլար ներդրում է կատարել ԾԻԳ-ը, 3 մլն դրամ` համայնքը:
Ոռոգման ցանցի կառուցման եւ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների արդյունքում բացվել է շուրջ 30 աշխատատեղ, որում ընդգրկված են համայնքի բնակիչները: Նրանց աշխատավարձը օրական կազմում է 4 հազար դրամ:
Միաժամանակ Կարճաղբյուրի գյուղապետարանի եւ <<Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի>> համատեղ ներդրմամբ կահավորվում է գյուղի` արդեն հիմնանորոգված մշակույթի տունը:
Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.