Monday, June 27, 2011

ՎԵՐՋԱՊԵՍ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԿԴԱՌՆԱ ՍԵՎԱՆ-ՄԱՐՏՈՒՆԻ-ԳԵՏԱՓ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ

Սկսվել է Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Լճաշենի հատվածի անանցանելի հատվածի ասֆալտապատման աշխատանքները: Այդ ճանապարհահատվածի հետագա շահագործումն անհնար դարձավ Սեւանա լճի ջրերի բարձրացման պատճառով, իսկ ճանապարհի բարձրացումից հետո այն չասֆալտապատվեց ինչ-ինչ պատճառներով` ավելի քան մեկ տարի դժվարանցանելի վիճակ ստեղծելով ուղեւորատար ու բեռնատար բոլոր մեքենաների համար: Վերջապես սայլը տեղից շարժվել է, եւ մոտակա ժամանակներում արդեն վարորդները դժգոհելու առիթ այստեղով անցնելիս չեն ունենա:

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, աշխատանքներն իրականացնում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն: Կապալառուի կողմից այժմ կատարվում է 1950 գծամետրի երկարությամբ ճանապարհահատվածի երթեւեկելի մասի եւ կողնակների հարթեցման աշխատանքներ: Տեղադրվում է ավազակոպճային շերտ: Հարթեցման աշխատանքները կավարտվեն առաջիկա շաբաթվա վերջին, որին կհաջորդի հիմքի եւ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը: Այս պահին աշխատանքներում ընդգրկված է 8 միավոր տեխնիկա: Հիմնանորոգման վերջնաժամկետը սահմանված է այս տարվա օգոստոսի 10-ը, սակայն կապալառու կազմակերպությունն անում է հնարավորը' աշխատանքները սահմանված ժամկետից շուտ ավարտելու եւ շահագործման հանձնելու համար:

Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման համար ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հատկացրել է 250 միլիոն դրամ: Միաժամանակ մեկնարկային փուլում են նաեւ հրատապ հիմնանորոգման կարիք ունեցող այլ ճանապարհահատվածների եւ օբյեկտների նախագծային աշխատանքները:

Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.