Wednesday, June 15, 2011

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ



ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի Չարենցավանի համայնքային փուլն արդեն ավարտված է: Վաղ առավոտից քաղաքային մարզադաշտում Չարենցավանի և հարակից գյուղերի 11 ընտանիք պայքարում էր լավագույնը ճանաչվելու համար: Այս տարի մրցույթն անցկացվում է երեք տարիքային խմբով: Կրտսեր տարիքային խմբում են այն ընտանիքները, որոնք ունեն 6-8 տարեկան երեխա, միջին տարիքային խմբում ընդգրկված ընտանիքներն ունեն 9-11, իսկ ավագ տարիքային խմբում ընդգրկվածները` 12-14 տարեկան երեխա: Մրցույթի մրցաձևերն են` 300մ փոխանցումավազք, հեռացատկ, թենիսի գնդակի նետում, պարանի ձգում, բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ և խաղային փոխանցումավազք:

Կոտայքի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանի խոսքով մրցույթը նպատակ ունի սպորտի միջոցով ամրապնդել ընտանեկան կապերը, քարոզել առողջ ապրելակերպ և հայկական օջախներում մեծացնել ֆիզիկական դաստիարակության դերը: Այս առումով արդեն առաջընթաց կա, քանի որ տարեցտարի ավելի շատ ընտանիք է ցանկություն հայտնում մասնակցելու մարզական այս յուրօրինակ տոնին:

Մի քանի ժամ տևած մրցապայքարից հետ մրցութային հանձնաժողովը ամփոփեց արդյունքները: Կրտսեր տարիքային խմբում երրորդ մրցանակային տեղը գրավեց Բալբաբյանների ընտանիքը, երկրորդ մրցանակային տեղը` Նազարբեկյանների, առաջին տեղը` Բալբաբյանների ընտանիքը: Միջին տարիքային խմբում երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Արտաշյանների, երկրորդը` Առաքելյանների և առաջինը` Բալբաբյանների ընտանիքը: Ավագ տարիքային խմբում մրցանակային տեղերը զբաղեցրին Մարտիրոսյանների, Խաչատուրյանների և Կոշկարյանների ընտանիքները:

Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած Առաքելյանները մրցույթին մասնակցում էին առաջին անգամ, իրենց ընտանիքը համարում են մարզական, քանզի թե՛ հայրը, թե՛ մայրը և թե՛ աղջիկը պարբերաբար սպորտով են զբաղվում: Այժմ նրանք պատրաստվում են ավելի ինտենսիվ պարապել, որպեսզի լավագույն ձևով իրենց քաղաքը ներկայացնեն մրցույթի մարզային փուլին:

Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ընտանիքները իրավունք ստացան մասնակցելու «Լավագույն մարզական ընտանիք»  մրցույթի Կոտայքի մարզային փուլին, որը տեղի կունենա հունիսի 18-22-ը: Այստեղ ևս յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույնը ճանաչված երեք ընտանիք իրավունք կստանա  մասնակցելու մրցույթի հանրապետական փուլին, որը ավանդաբար կկայանա Ծաղկաձորում:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.