Tuesday, June 7, 2011

Հրազդանում բնակվող Հայրապետյանների ընտանիքին անհրաժեշտ է ձերբազատվել վթարային շենքից (տեսանյութ)


80-ամյա Էմմա Հայրապետյանը երկար տարիներ իր ընտանիքի հետ բնակվում է Հրազդանի Մաքրավանք թաղամասում: Սոցիալական խնդիրները մի կողմից, սեփական տան վթարային պայմաններն են մյուս կողմից մեծ խնդիրների առջև են կանգնեցրել բազմանդամ ընտանիքին:

Արդեն 5-6 տարի է Էմմայի տան պատերը ճեղքեր են տվել` առաջացնելով վթարային վիճակ: Այսօր  այդ պատերի ներքո բնակվում են 7 հոգի` ախ ու վախով քայլելով սենյակներում, որ հանկարծ պատերը չփլվեն: Էմմա տատիկը պատմում է, որ մեկ տարի առաջ դիմել է համապատասխան մարմիններին` Հրազդանի քաղաքապետարան:

«Ասել են 100 000 դրամ կարող ենք տալ որպես օգնություն, բայց ես էդ 100 000-ով նույնիսկ ճեղքերը չեմ կարող փակել: Հետո 6 հոգի էկան, նկարեցին, տարան Երևան, դե տենց ասեցին»: Մի որոշ ժամանակ սպասելուց հետո տան անդամները կրկին դիմել են քաղաքապետարան.

«Էս անգամ էլ ասացին, որ դիմումը գտնվում է քաղաքաշինության բաժնում, որ պատասխանեն, մենք էլ ձեզ կպատասխանենք: Բայց ինչքան սպասեմ, մինչև փլատակների տակ մնանք: Եթե իրենց ուժերից վեր է, թող ինձ մի գրավոր պատասխան տան ու ասեն, թե ուր դիմեմ:

Բազմանդամ այս ընտանիքում աշխատում է միայն տղան, ստանում 40 000 դրամ աշխատավարձ, հարսը հիվանդ է, ինքը` նույնպես, ամուսինը թոշակառու է, մեծ թոռը` խուլ ու համր, մյուս երկուսը` փոքր են:

«Դե ասեք, տեսնեմ, էդ 40 000 դրամով և մեր թոշակով ես լույսի, գազի, աղբի համար վճարեմ, թե էս տան պատերի մասին մտածեմ»,- հոգոց է հանում Էմմա տատիկը:

Իսկ թե ինչու է շենքն այս վիճակում հայտնվել, նրանք չեն կարող հստակ ասել, միայն ենթադրում են, որ տան տակով հոսում է ջուր, որն էլ ստեղծել է այս վիճակը:

Տարեց կինը  տխրությամբ է արտասանում, որ հիսուն տարի աշխատել է այս պետության համար` և'  նախկին կոլխոզում, և' սոլխոզում, և' ձեռնարկ-հիմնարկություններում, բայց այսօր այդ պետությունը մոռանում է իր քաղաքացուն:

Այս ընտանիքի անդամները հրաշքների չեն սպասում, միայն հույսով են, որ իրենց կօգնեն վթարային շենքից դուրս գալ, կամ պայմանները բարելավել:

«Իմ մասին չեմ մտածում, էս էրեխեքն են մեղք, գոնե էս էրեխեքը թող ապրեն»,- վերջում ավելացրեց տան ավագը:



Ինգա Հայրիյան
Հրազդան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.