Monday, June 13, 2011

ԱՎԱԶԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՁԵՌՔ ԲԵՐԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱ


Հունիսի 10-ին Ավազան համայնքը, որը սահմանամերձ է եւ ամբողջությամբ փախստականներով բնակեցված, ձեռք բերեց նորագույն գյուղատնտեսական տեխնիկա: Ինչպես տեղեկացրեց Ավազանի գյուղապետ Արշակ Դալլաքյանը` 8 միլիոն 450 հազար դրամ արժողությամբ «Բելոռուս-102» մակնիշի տրակտորը եւ նրան ամրացվող հնձող, հավաքող ու մամլող սարքավորումը եւ լրացուցիչ մյուս սարքավորումները հնարավոր է եղել ձեռք բերել ՀՀ գյուղնախարարության կազմակերպած աճուրդում, որի գումարն ամբողջությամբ հատկացրել է «Վորլդ վիժն» կազմակերպությունը:  

Գյուղատնտեսական նորագույն տեխնիկան շահագործվելու է Ավազանում հիմնադրված գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից: Այն անգնահատելի ծառայություն եւ աջակցության կմատուցի ոչ միայն Ավազանի, այլ նաեւ շրջակա համայնքների գյուղացիական տնտեսություններին:  

Մոտ մեկ ամսից կսկսվեն խոտի բերքահավաքի աշխատանքները, որի ընթացքում արդեն նորագույն այս տեխնիկան կլինի գործողության մեջ: Հունիսի 10-ին Ավազան գյուղում հանդիսավորությամբ նորագույն տեխնիկան ավազանցիներին հանձնեց «Վորլդ վիժն» կազմակերպության մենեջեր Բեատրի Փանոսյանը:  

Գյուղապետի հավաստմամբ` Ավազանի 334 հեկտար վարելահողերից այս պահին մշակվում է մոտ 250 հեկտարը, իսկ նոր տեխնիկայի գործածության պայմաններում հնարավոր է մշակելի դարձնել նոր անմշակ հողատարծքներ: Այսօրվա դրությամբ Ավազանն ունի 285 բնակիչ, 90 տնտեսություն: Գյուղի հիմնական դպրոցում սովորում է 56 աշակերտ: Ավազանում բնակչության թիվը տարեցտարի աճի միտումներ է դրսեւորում:

Ի դեպ, ինպես հավելեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում աճուրդ-վաճառքով արդեն ձեռք են բերել «ՄՏԶ-102» մակնիշի տրակտորներ, որոնք այս տարվա բերքահավաքի ընթացքում անգնահատելի ծառայություն կմատուցեն մարզի երկրագործներին:
  «Գեղամա աշխարհ»

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.