Thursday, June 2, 2011

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ՑԵՊԵԼԻՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ


Մայիսի 28-ին Գավառի մանկատուն էին այցելել գերմանական «Ցեպելին» կազմակերպության ներկայացուցիչները` կազմակերպության երեւանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Հայկո Անդրեաս Կրայսելի գլխավորությամբ

«Ցեպելին Արմենիայի» գրասենյակի եւ կադրերի ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը  հայտնեց այցելության նպատակների մասին: Ըստ Է. Հովհաննիսյանի` իրենց կազմակերպությունն իրականացնում է տարաբնույթ ձեռնարկներ՝ միաժամանակ կատարելով ներդրումներ այն ոլորտներում, որտեղ իրենց օգնության կարիքը կա: Այս անգամ հերթը Գավառի մանկատանն էր, որտեղ էլ «Ցեպելին» իրագործել է երկփուլանոց ծրագիր: Ծրագրի մի մասով Գավառի մանկատանը կառուցվել է առանձին լոգարան` 8 առանձին լողախցիկներով: Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում մանկատան այգում տեղադրվել են նոր կարուսելներ եւ ամբողջությամբ մշակվել է այգու տարածքի գազոնային ծածկույթը

 <<Ցեպելին>> կազմակերպության ներկայացուցիչները ոչ միայն շրջեցին այգում` արձանագրելով իրենց բարեգործության արդյունքները, այլեւ ծառատունկ իրականացրին:
 Այնուհետեւ հյուրերը մանկատան աշխատակազմի եւ տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ շրջեցին մանկատան մասնաշենքերում, եղան ննջասենյակներում, ճաշարանում, խաղասենյակներում, արհեստանոցներում եւ նորակառույց լողասենյակում:
 Այնուհետեւ մանկատան սաները օրվա հյուրերի համար հանդես եկան գեղեցիկ միջոցառմամբ` ներկայացնելով երգ ու պար, ասմունք եւ բեմադրություն:

 «Ցեպելինի» Հայաստանի գրասենյակի տնօրեն  Հայկո Անդրեաս Կրայսելը  տեղեկացրեց, որ գերմանական կազմակերպությունը ստեղծվել է 1909 թ., Գերմանիայում` հիմնադրելով դիրիժաբլների առաջին գործարանը: Կազմակերպությունը մինչ օրս շարունակում է իր գործունեությունը` արտադրելով տարատեսակ տեխնիկա: Արտադրությանը զուգահեռ՝ ընկերությունը կատարում է ներդրումներ տարբեր ոլորտներում: Ըստ Հայկո Անդրեաս Կրայսելի` կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է 2005 թվականին:

 Միջոցառման ավարտին գերմանական կազմակերպության ներկայացուցիչները մանկատան  բոլոր սաներին հանձնեցին նվերներ: Բարեգործները մանուկների համար բերել էին նաեւ տորթ, թութակներ եւ  մշկամկներ` մանուկների մեջ կենդանիների նկատմամբ սեր ու հոգատարություն սերմանելու նպատակով:
Անի Պողոսյան
«Գեղամա աշխարհ»

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.