Wednesday, June 15, 2011

Սեռական բռնություն 4-ամյա աղջկա նկատմամբ


20 օր առաջ հերթական զարհուրելի դեպքն է արձանագրվել Աշտարակ քաղաքում: 40-ամյա տղամարդն անառակաբարո գործողություններ է կատարել 4-ամյա աղջնակի նկատմամբ: Աշտարակում մեծամասնությունը ճանաչում է  այս «հերոսին»: Աղջնակի մայրը թեթեւ վարքի տեր է՝  մարմնավաճառ, ու նրա հերթական  հաճախորդներից մեկը «աչք է դրել» մանկահասակ փոքրիկի վրա, որի հետ կատարել է անառակաբարո  գործողություններ: Աղջնակը, մեր տեղեկություններով, ոստիկաններին մանրամասն պատմել է, թե ինչ է արել «մամայի ընկեր դյադյան» իր հետ, սակայն ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել: Որպես պատճառ նշում են, թե դատաբժշկական փորձաքննությունը ցույց չի տվել կուսաթաղանթի խախտում, մինչդեռ անառակաբարո գործողությունները բռնաբարություն չեն, դրանք բազում այլ դրսեւորումներ ունեն: Հոգեբաններն էլ են օգնել այս եզրակացությանը: «Նա տեսել է, թե մայրն ինչ է անում, քանի որ հաճախ սեռական գործողությունները տանն են տեղի ունեցել, ու չի բացառվում, որ փոքրիկը դա տեսած լինի ու վերարտադրի»,- ասում են նրանք: Երեխայի մայրը, բնականաբար, լռում է, ոչինչ չի պատմում: Սակայն այս գործը դուրս է եկել ոստիկանության տնօրինությունից, սրանով սկսել են զբաղվել տեղի հասարակական կազմակերպությունները եւ Արագածոտնի մարզպետարանի կանանց, երեխաների եւ ընտանիքի հիմնահարցերի բաժինը, որը տեղյակ է մոր վարքագծից եւ պատրաստվում է  օրենքով սահմանված  կարգով միջնորդել դատարան՝ կնոջը  ծնողական իրավունքներից զրկելու  կամ սահմանափակելու  համար: Ի դեպ, աղջնակը դեմքով ճանաչել է իր նկատմամբ ոտնձգություն կատարած անձին: ՀԿ-ների ներկայացուցիչներն ասում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածում թեեւ հստակ նշված չէ, թե որն է «ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը», սակայն իրավաբանները տեսականորեն գիտեն, որ մանկահասակներին համբուրելը, սիրելը, շոյելը այդ գործողությունների շարքին են պատկանում, ու բնականաբար, այս դեպքում բժշկական փորձաքննությունը նման եզրակացություն չէր կարող տալ: Մնում է պարզել, թե ոստիկանությունն ինչու քննություն չի կատարում եւ այդ անձին մեղադրանք չի առաջադրում:

Արմեն Դավթյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.