Monday, June 20, 2011

ՉԱՐԵՆՑԱՎԱՆՑԻ ՇՆՈՐՀԱԼԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ


  















Օրերս Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի սաները այցելեցին Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվել էր փոքրիկ միջոցառում ինտերնատի տարեց բնակիչների համար, որին մասնակցելու հրավեր էին ստացել չարենցավանցի տաղանդաշատ երեխաները:

 Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում խնամվում է 250 տարեց և 50 անօթևան: Հաստատության փոխտնօրեն Իրինա Մարտիրոսյանի խոսքով հաճախակի են կազմակերպվում մշակութային միջոցառումներ այստեղ խնամվողների առօրյան հետաքրքիր դարձնելու, նրանց հոգուց տաղտուկը վանելու համար. ինտերնատ են այցելում տարբեր պարային խմբեր, երաժիշտներ, հայտնի աստղեր: Հաստատության տնօրինության նախաձեռնությամբ տարեցները պարբերաբար այցելում են թատրոններ և օպերա: Ինտերնատի բնակիչները դեռ տպավորված են վերջերս ակնդրած Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայից: Իրինա Մարտիրոսյանի խոսքով դժվար է աշխատել տարեցների հետ, պետք է լինել մեծատառով մարդ և հասկանալ մեծի արժեքը:

Մշակութային անցուդարձից բացի տուն-ինտերնատը հաճախակի է տեսնում նաև բարերաների, ովքեր իրենց նվիրատվություններով փորձում են բարելավել այստեղ խնամվողների կյանքի պայմանները: «Տարեցների ու անապահով մարդկանց հուսալի կյանքն ապահովելն ու կյանքի նկատմամբ հավատ վերադարձնելը բոլորիս խնդիրը պետք է լինի»,- ասում է Իրինա Մարտիրոսյանը:

Նշեմ, որ այստեղ բնակվող տարեցների մեծ մասն ունի ընտանիք և զավակներ: «Տարեցները նման են փոքրիկ երեխաների, ուշադրություն, սեր ու խնամք են պահանջում: Մեր գերխնդիրն է օգնել նրանց անցկացնել հաճելի ու անհոգ ծերություն»,- ասում է Իրինա Մարտիրոսյանը:



Կազմակերպված միջոցառումը մեծ ոգևորությամբ ընդունվեց ինտերնատի բնակիչների կողմից: Ազգագրական պարերն ու ժողովրդական երգերը հենց այն էին, ինչ պետք էր այս տատիկներին ու պապիկներին: Վերականգնելով երիտասարդական ավյունն ու եռանդը՝ տարեցները մեծ ուրախությամբ երգեցին ու պարեցին միջոցառման մասնակիցների հետ միասին:

Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցը հաճախակի է համերգային ծրագրերով հանդես գալիս մայրաքաղաք Երևանում և հանրապետության տարբեր մարզերում: Նպատակը մեկն է` շնորհալի երեխաների արվեստը հասանելի դարձնել բոլորին:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.