Tuesday, June 21, 2011

Սպասում են արդյունքներին. աղջիկներին վտանգ չի սպառնում

Օրերս անդրադարձել էինք Աշտարակում 4-ամյա աղջնակի դեմ կատարված սեռական ոտնձգությանը՝ նշելով, որ ապացույցների բավարար չլինելու պատճառով քրեական գործ չի հարուցվել: Սակայն մեր հրապարակումից հետո ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ մայիսի 31-ին Աշտարակի ոստիկանություն է դիմել քաղաքացի Լուսինե Հ.-ն եւ հայտնել, որ իր անչափահաս դստեր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել: 

Կինը տվյալ արարքի մեջ մեղադրել է 54-ամյա Ռուբիկ Պ.-ին: Հունիսի 1-ին հարուցվել է քրեական գործ քրօր. 139 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մինչեւ 14 տարեկան անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կիրառելը): Կասկածյալն ազատության մեջ է, ու խափանման միջոց չի ընտրվել: Նախաքննական մարմինը սպասում է դատակենսաբանական ու դատահոգեբանական փորձաքննությունների արդյունքներին, որի համար, ըստ մասնագետների, կոնկրետ ժամկետ սահմանված չէ, սակայն պատասխանները պետք է տրվեն ողջամիտ ժամկետներում: 

ՀՀ դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոնի տնօրեն, գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ աղջկա հետ սեռական հարաբերություն չի եղել: «Երեխայի սեռական օրգանները չեն վնասվել, եթե 50 տարեկան մարդը 4 տարեկան երեխայի հետ հարաբերություն ունենա, երեխան այնպիսի կոպիտ կոտրվածքներ կստանա, որ վիրաբուժական միջամտության կարիք կլինի»,- ասել էր նա:Ըստ գլխավոր դատաբժշկի՝ «հնարավոր է ոչ թե սեռական հարաբերություն, այլ ուրիշ բան է եղել»: 

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածում թեեւ հստակ նշված չէ, թե որն է «ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը», սակայն մանկահասակին համբուրելը, սիրելը, շոյելը այդ գործողությունների շարքին են պատկանում:Ինչ վերաբերում է Գորիսում կատարված դեպքին, որ 14-ամյա աղջիկը հղիացել է, եւ պտղի հայրը նրա սեփական հայրն է, ապա այս գործով եւս սպասում են փորձաքննության արդյունքներին: Հիշեցնենք, որ աղջկա հղիությունը մոտ մեկ շաբաթ առաջ ընդհատվել է: Աղջիկն այժմ ՀՕՖ-ի կենտրոնում է:

Պատասխանատուների խոսքով, նա դեռեւս սթրեսի մեջ է ու չի շփվում ոչ մեկի հետ: Նրանք նաեւ հերքեցին լրատվամիջոցներից մի քանիսում տպագրվածը, թե աղջիկը հայտարարել է, որ հորից չի հղիացել: «Նման հայտարարություն չի արվել, ու կարծում ենք, դա քննչական մարմինների գործառույթն է»,-ասացին ՀՕՖ-ուհիները:

Արմեն Դավթյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.