Friday, July 29, 2011

Ազատվեցին 1 թերթի համար 500 դրամ վճարելուց

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը՝ նախագահող դատավոր Ա. Առաքելյանի գլխավորությամբ, մասնակի բավարարել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության բողոքը:
Դատարանն իր վճռով բեկանել է ՀՀ վարչական դատարանի՝ այս տարվա մարտի 24-ի որոշումը եւ կարճել վարչական գործի վարույթը:
ՀՀ վարչական դատարանը մերժել էր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցը՝ ընդդեմ Ստեփանավան համայնքի ավագանու կայացրած որոշման:
2009
թ. մայիսից Ստեփանավանի բնակիչները քաղաքապետարանից գրավոր տեղեկատվություն ստանալու համար պատճենահանվող որոշումների կրկնօրինակների 1 թերթի համար վճարում էին 500 դրամ: 
«
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» հ/կ-ն ՀՀ վարչական դատարան էր դիմել Ստեփանավան համայնքի ավագանու ընդունած 06.05.2009 թվականի թիվ 19-Ն իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով՝ համարելով, որ այն ոչ իրավաչափ է եւ հակասում է ՀՀ օրենսդրությանը: ՀՀ վարչական դատարանը, սակայն, մերժել էր իրավապաշտպան կազմակերպության հայցադիմումը: ՀՀ վարչական դատարանի որոշումը բեկանելու, այն փոփոխելու, նաեւ վերոնշյալ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով իրավապաշտպան կազմակերպությունը դիմել էր ՀՀ վարչական վերաքննիչ դատարան: Կազմակերպության՝ վերաքննիչ բողոքի դեմ պատասխան չէր ներկայացվել, սակայն 2011 թվականի հունիսի 22-ին վերաքննիչ դատարան էր մուտքագրվել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի գրությունը, որով վերջինս դատարանին տեղեկացրել է, որ Ստեփանավանի ավագանու վիճարկվող որոշումը ավագանու՝ 2011թ. մայիսի 5-ի թիվ 15-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել: 
Վերաքննիչ դատարանն էլ, ելնելով այն հանգամանքից, որ սույն գործով վիճարկվող որոշումը չեղյալ է համարվել, եւ դրա անվավերության պահանջը այլեւս չի կարող քննարկվել, կարճել է վարչական գործի վարույթը: Նոր որոշմամբ համայնքի ավագանին չեղյալ է համարել 2009 թվականի մայիսի 6-ի թիվ 19-Ն վիճարկվող որոշումը, ինչի արդյունքում քաղաքացիները նախկին 500 դրամի փոխարեն այսուհետեւ գրավոր տեղեկատվություն պահանջելիս՝ մինչեւ 10 էջ տպագրված պատճենահանված տեղեկությունը ստանալու են անվճար՝ օրենքով սահմանված կարգով, իսկ 10 էջից ավելի տեղեկություն ստանալու դեպքում գանձվող գումարի չափը չի գերազանցելու տեղեկության տրամադրման ծախսերը: 
 «Տեղեկատվության ազատության» մասին ՀՀ օրենքը խախտելու համար Ստեփանավանի քաղաքապետ Ս. Ղարաքեշիշյանը հայտնվել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (ԻԱԿ) «սեւ ցուցակում»՝ վերոնշյալ թիվ 19-Ն որոշման պատճառով: 
«
Սեւ ցուցակը» հրապարակելուց 3 օր անց Ստեփանավանի քաղաքապետարանն ուժը կորցրած էր ճանաչել ավագանու թիվ 19-Ն որոշումը:


Անուշ Բուլղադարյան 
Վանաձոր
Աղբյուրը՝ www.aravot.am 









0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.