Monday, July 4, 2011

ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԳԼՈՒԽ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՌԱԽԻՏԻԿ ԴԵՖՈՐՄԱՑԻԱՆԵՐՆ ՈՒ ՍՐՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ














Ավարտվեց 2011 թվականի գարնանային զորակոչը:  Չարենցավանի զինկոմիսարիատից բանակ ճանապարհվեց Չարենցավան քաղաքի, Արզական, Ալափարս, Ֆանտան և Կարենիս գյուղերի 117 պատանի, որից 15-ը` բարձրագույն կրթությամբ, 5-ը` նախորդ տարիներին հաշվառված, 4-ը` հերթական բուժումն ստացած և զինծառայության համար պիտանի ճանաչված: Չարենցավանի զինկոմ Վարդան Վիրաբյանի խոսքով զորակոչի բոլոր օրերին ռազմաբժշկական հանձնաժողովը ևս մեկ անգամ ստուգել է  պատանիներին, հետո միայն կայացրել որոշում նրանց բանակ ուղարկելու վերաբերյալ:

Զորակոչային հանձնաժողովի ավագ բժիշկ Վանյա Պողոսյանի խոսքով պատանիների շրջանում տարածված են ռախիտիկ դեֆորմացիաները, հատկապես ողնաշարի ծռվածությունը, և սրտային հիվանդությունները: Բժիշկը այս հիվանդությունների գլուխ բարձրանալու  պատճառ է համարում եղանակային պայմանների փոփոխությունը, ոչ ճիշտ սննդակարգը և ծնողների անուշադրությունը: «Ծնողները տղա երեխաներին փոքր հասակում չեն հետազոտում, մինչդեռ յուրաքանչյուր երեխա պետք է տարին 2-3 անգամ բժշկական հետազոտում անցնի, արդյունքում առկա հիվանդությունները տարիների ընթացքում բարդանում են»,-ասում է Վանյա Պողոսյանը: Բժշկի խոսքով ծնողների ուշադրությունից շատ բան է կախված, ցավալի է, որ բանակային տարիքի տղաների մոտ հայտնաբերված հիվանդությունների մեծ մասը հնարավոր կլիներ բուժել, թե դրանք բացահայտվեին վաղ հասակում:

Զորակոչային հանձնաժողովը բավականին խիստ է եղել պատանիների ստուգման հարցում, հնարավոր կասկածների դեպքում ստուգումները շարունակվել են կենտրոնական բժշկական հանձնաժողովում, արդյունքում 1993 թվականին ծնված 8 պատանի ուղարկվել է 6-ամսյա բուժման, 18 պատանի ծառայության գործում պիտանի չի ճանաչվել: 

Գարնանային զորակոչի ընթացքում զինկոմիսարիատի հետ ակտիվ համագործակցել է Չարենցավանի ոստիկանության բաժինը` զորակոչից խուսափողներին հայտնաբերելու և զինկոմիսարիատ ներկայացնելու առումով: Ընդհանուր առմամբ տարեցտարի նվազում է զորակոչից խուսափողների թիվը, իսկ նրանք, ովքեր չեն ներկայանում` գտնվում են հանրապետության սահմաններից դուրս: Գարնանային զորակոչի ընթացքում Չարենցավանի զինկոմիսարիատ չի ներկայացել միայն 1 պատանի, որի անձնական գործը ներկայացվել է քննչական մարմիններին` որոնողական աշխատանքներ կատարելու համար:

Չարենցավանի զինկոմ Վարդան Վիրաբյանի խոսքով գարնանային զորակոչն անցել է առանց միջադեպերի և խնդիրների, զորակոչի բոլոր օրերին ներկայացել են հաշվառված պատանիները, անցել համապատասխան ստուգումներն ու ուղարկվել կենտրոնական հավաքակայան, այնտեղից էլ` տարբեր զորամասեր: Այժմ զինկոմիսարիատը աշխատանքներ է իրականացնելու աշնանային զորակոչը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.