Wednesday, July 13, 2011

ԻՆՆԱՄՅԱ ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հասակակիցների, ընկերուհիների, ուսուցիչների ու հյուրերի ողջույնների ու շնորհավորանքների ուղեկցությամբ կրտսեր ա

րվեստասերն ու ապագա արվեստագետը կտրեց կարմիր ժապավենը` թույլ տալով մասնակիցներին հաղորդակցվել <<Կարինայի ներաշխարհին>>:

Այս խորագիրն էր կրում Գավառի ուսուցողական

կենտրոնում կազմակերպված ցուցադրությունը:

Ցուցահանդեսի սկզբում Կարինա Գորոյանի մասին կարճ ակնարկով հանդես եկավ Կարինայի դպրոցի առաջին ուսուցչուհին` կարեւորելով փոքրիկ աղջկա մեջ դրսեւորված ձիրքը:

-Առաջին անգամ, երբ նորեկ աշակերտները մատիտ բռնել էին սովորում, Կարինան վրձնում էր ու նկարում,- հուզված պատմում էր Կարինայի առաջին ուսուցչուհի Սուսան Մկրտչյանը:

Կարինայի ձեռքբերումների ու ձիրքի մասին արտահայտվեցին նրա նկարչության ուսուցչուհին` Էլմիրա Բոստանչյանը, Գավառի ուսուցողական կենտրոնի տնօրեն Սուսաննա Կեւեյանը: Նրանք համոզված են, որ մի օր կլսեն Կարինա Գորոյանին` արդեն հայտնի ու կայացած նկարչուհի դարձած:

Կարինա Գորոյանն ուսումնառության ընթացքում արձանագրած բազմաթիվ հաջողությունների եւ բարձր առաջադիմությամբ խմբակը ավարտելու համար պարգեւատրվեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի շնորհակալագրով, Գավառի թիվ 4 միջնակարգ դպրոցի տնօրինության պատվոգրով ու գովասանագրով: Գավառի ուսուցողական կենտրոնի կողմից փոքրիկ նկարչուհին շնորհակալագիր ստացավ, ինչպես նաեւ՝ ավարտական վկայական:

Կարինան արվեստասեր հասարակության գնահատանքին ներկայացրել էր շուրջ 50 նկար: Հանդիսատեսն առանձնակի ուշադրություն դարձրեց <<Սեւանավանք>>-ին, որը վերջերս ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից կազմակերպված <<Ճանապարհ դեպի վանք>> խորագիրը կրող մրցույթում արժանացել էր խրախուսական գնահատականի: Իր կյանքի առաջին տասնյակը դեռ չբոլորած նկարչուհին հասցրել է ունենալ շոշափելի ձեռքբերումներ: 2010 թվականին Հնդկաստանի դեսպանատան կողմից կազմակերպված մրցույթում դարձել է առաջին մրցանակակիր եւ արժանացել պարգեւի: Կարինայի համար ուսուցչուհին բացել է գույների ու պատկերների նուրբ խաղն ու վրձնաշխարհի գաղտնիքները:

-Ինձ ներշնչում է բնությունը, եւ ես նկարում եմ այն ամենը, ինչ-որ պատկերում է իմ միտքը, սիրում եմ նկարել վանքեր, եկեղեցիներ: Ես նայում եմ շուրջբոլորս ու մտապահում պատկերները,-ասում է Կարինան:

Կարինայի մայրիկը` Արփինեն նշեց, որ իրենք շուտով մեկնելու են Հայաստանից: Կարինան Ռուսաստանում կստանա մասնագիտական խորը գիտելիքներ, կշարունակի կրթությունը նկարչական ստուդիաներում:

Մեզ մնում է հպարտանալ փոքրիկի հաջողություններով եւ սպասել, որ օտար հողում ծիլեր առնող մեր հայրենակցուհին տարիներ անց կվերադառնա իր հայրենի քաղաքը` իր արվեստի լույսով մեզ ողողելու համար:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.