Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց մանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը:
վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով՝ այն է՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 և 8-15 տարի ժամկետով:
Մինչ դատավարության սկսելը դատարանի բակում դատաքննության արդար ընթացքի պահանջով հավաքվել էին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները:
«Մենք պահանջում ենք արդար դատավարություն», «Երեխաների ապրած սարսափը մի փոխարինեք հիասթափությամբ», «Զրո հանդուրժողականություն», «Երկիրը հանդուրժում է պեդոֆիլիան», «Այսօր նա է, վաղը՝ դու կամ քո երեխան» ցուցապաստառներով 16-18 տարեկան երեխաները կոչ էին անում իրավական ոլորտի պատասխանատուներին չհանդուրժել անարդարությունն ու մեղավորին պատասխանատվության ենթարկել:
«Մենք թույլ չենք տա, որ անիմաստ կերպով ոտնահարվեն մարդու իրավունքները: մենք այստեղ ենք, եւ հետեւելու ենք գործի ընթացքին: Ցանկացած անարդար վճիռ շատ ծանր պատասխանատվության է ենթարկվելու: Նրա մեղքը արդեն իսկ անքննեելի է: Չկա մարդ, որ կասկածի»,-իրավաբաններին զգոնության կոչ էր անում ՀԿ-ի ներկայացուցիչ Տաթեւիկ Սմբատյանը:
Դատավարության սկզբում, սակայն, ամբաստանյալը հրաժարվեց լրագրողների ներկայությամբ դատական դահլիճ ներկայանալուց:
Դատավոր Մուշեղ Հարույթունյանը, ելնելով արդարադատության շահերից, որոշում կայացրեց գործի քննությունը անցկացնել դռնփակ:
«Քանի որ գործի քննության այս փուլը հնարավոր չէ առանց ամբաստանյալի մասնակցության, որոշում եմ այն դռնփակ անցկացնել»:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը՝ www.aravot.am
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.