<<Հայկական Կարիտաս>> բարեսիրական ընկերությունը սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում կազմակերպում է <<Տարիների խաչմերուկ>> խորագրով հանդիպում-քննարկումներ: Այս անգամ <<Տարիների խաչմերուկի>> կիզակետում <<Հայ ընտանիք, ընտանեկան հարաբերություններ, հայ կնոջ կերտած եւ անցնելիք ուղին>> թեման էր: <<Տարիների խաչմերուկին>> մասնակցում էին <<Տնային խնամք>> ծրագրի տարեց շահառուները, <<Հայկական Կարիտասի>> երիտասարդ կամավորները, ծրագրի աշխատակիցները: Միջոցառման համար հանդիպման վայր էր ընտրվել Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի <<Հարուստի եւ աղքատի տուն>> սրահները: Միջոցառմանը մասնակից եղան նաեւ թանգարանի աշխատակիցները:
Հանդիպման նպատակը մասնակիցներին ներկայացրեց բարեսիրական ընկերության Գավառի գրասենյակի համակարգող Անդրանիկ Եղիազարյանը: Հայ կնոջ ավանդական ու արդի, ինչպես նաեւ Աստվածաշնչյան կնոջ կերպարի մասին խոսեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը:
<<Ադաթների հոգեբանական ասպեկտները>> զեկույցով ներկայացավ հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը:
Բայազետի ավանդական ընտանիքի մասին ակնարկով հանդես եկավ Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը:
Վեներա Վարդանյանը տարեցների ու երիտասարդների ուշադրությանն արժանացրեց <<Հայ կնոջ կերտած եւ անցնելիք ուղին>> տեսանյութը:
Սեդա Մազմանյանը, ով <<Տնային խնամք>> ծրագրի շահառուն է, խոսեց հայ կնոջ տիպական կերպարի մասին:
Այնուհետեւ սկսվեց քննարկումը, եւ տարեց մասնակիցներն արտահայտեցին իրենց կարծիքն ու խոսքը հայ կնոջ դերի, կերպարի մասին:
Միջոցառումն առիթ հանդիսացավ միայնակ տարեցների համար՝ արտահայտվել եւ իրենց խոսքը լսելի դարձնել երիտասարդության միջավայրում: <<Տնային խնամք>> ծրագրի շահառու Սեդա Մազմանյանն իր սրտի խոսքը լրացնելու համար ընթերցեց մոր մասին քառատողեր` հավաստելով, որ ընտանիքի եւ ազգի սյունն ու հենարանը մայրն է:
<<Գեղամա աշխարհի>> թղթակցի հետ զրույցում ծրագրի սոցիալական աշխատող Վեներա Վարդանյանը նշեց, որ միջոցառումը իրենց համար անսպասելի լավ ընթացավ, տարեցներին հետաքրքրեց քննարկվող թեման: -Նրանք ոչ միայն քննադատական կարծիքներ հնչեցրին, այլեւ տարանջատեցին հայ կնոջ արդի կերպարի դրական ու բացասական գծերը: Տարեցները կլանված դիտում էին ներկայացված տեսանյութը, որտեղ ընդգրկված էր հայ կնոջ ամենահին լուսանկարը` եզրափակված մերօրյա հայ մոդելուհիներով,- կարեւորեց Վեներա Վարդանյանը:
Անի Պողոսյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.