Չարենցավանի «Չարենց» և Արարատի «Արարատ» պարային խմբերը գեղարվեստական ղեկավար Արծրուն Ղարիբյանի գլխավորությամբ այսօր ճանապարհ բռնեցին դեպի սևծովյան հրաշագեղ քաղաք Բաթումի` մասնակցելու «Ոսկե տաղանդ» պարային մրցույթ-փառատոնին: Մի քանի ամիս առաջ հայաստանյան այս պարային խմբերը հրավերք ստացան մրցութային հանձնաժողովի կողմից և առանց վարանելու որոշեցին մեկնել` միայն հաղթանակելու ակնկալիքներով: Նախորդ մի քանի տարիների ընթացքում էլ «Չարենցն» ու «Արարատը» հրավերքներ են ստացել մասնակցելու սևծովյան քաղաքներում կազմակերպվող միջազգային մրցույթ-փառատոններին, դրանց ընթացքում ներկայացրել են միայն հայկական ժողովրդական պարեր, հնչեցրել հայկական զուռնան ու դհոլը, արժանացել բազմաթիվ խրախուսանքների ու մրցանակների: Այս ընթացքում մեծ հաջողությամբ մասնակցել են նաև Հայաստանում կազմակերպվող մրցույթներին ու կրկին հայտնվել լավագույնների շարքում: Պարային խմբերի գեղարվեստական ղեկավար Արծրուն Ղարիբյանի խոսքով, սակայն, կարևորը հայկական երգն ու պարը աշխարհին ճանաչելի դարձնելն է. իրենք էլ իրենց փոքրիկ ներդրումն են ունենում այս կարևոր առաքելությունում:
Բաթումիում կայանալիք մրցույթին Արծրուն Ղարիբյանի սաները երկար են նախապատրաստվել: Մրցույթում անթերի ներկայանալու համար սաներն ու պարուսույցները աշխատել են ծանրաբեռնված. ամենօրյա պարապմունքներ, քրտնաջան աշխատանք, և հայկական նազանի ու խրոխտ պարերը պատրաստ են մրցել ցանկացած երկրի ազգային պարերի հետ: Այս տարի «Ոսկե տաղանդ» պարային մրցույթ-փառատոնը տեղի կունենա հուլիսի 15-ին` Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, որին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած պարային խմբեր: Փառատոնը ուղիղի եթերով կհեռարձակվի «Ոսկե տաղանդի» պաշտոնական ինտերնետ կայք-էջում:
Հինգ տարվա պատմություն ունի Չարենցավանի «Չարենց» պարային խումբը, որտեղ այսօր պարային արվեստի գաղտնիքներին է ծանոթանում շուրջ 80 երեխա: Արծրուն Ղարիբյանի խոսքով իրենց հաջողությունները համատեղ պատասխանատու աշխատանքի արդյունք են, հայկական ժողովրդական պարերը բարդ են, սակայն շատ աշխատելու դեպքում ցանկալի արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Այս անգամ էլ «Չարենցն» ու «Արարատը» մրցույթի մեկնեցին մեծ սպասելիքներով ու հույսով, որ ունեցած բաղմաթիվ դիպլոմների ու պատվոգրերի կողքին ևս մեկն են ավելացնելու:
Մրցույթն ու հաղթանակները մի կողմ, ակտիվ հանգիստը` մյուս: Պարային խմբերի երեխաները, անկախ մրցույթի արդյունքներից, հնարավորություն կունենան վայելելու Սև ծովի կախարդանքն ու արևի ջերմությունը և նոր լիցքերով կվերադառնան հայրենիք:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.