Tuesday, July 12, 2011

ՀՐԱՇՔԸ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ
















Սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ, Չարենցավանի քաղաքապետարանի և Համաշխարհային բանկի համաֆինանսավորման արդյունքում մեկնարկած քաղաքի 8-րդ` «Հրաշք» մսուր-մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները ավարտված են: Այսօր հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ  նախադպրոցական ուսումնական հաստատության բացման արարողությունը, որին ներկա էին համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, քաղաքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Իսահակ քահանա Մարգարյանը, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին, Սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Երգ, պար, ուրախություն, գույնզգույն փուչիկներ, փոքրիկների անկեղծ ժպիտներ և անսահման ջերմ մթնորոլտ: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը քաղաքի փոքրիկներինն էր:

Շուրջ 110 մլն. դրամ ֆինանսավորման արդյունքում ամբողջությամբ վերանորոգվել է նախադպրոցական ուսումնական հաստատության տանիքը, առաջին մասնաշենքը, փոխվել են սանհանգույցները, պատուհաններն ու դռները, կառուցվել է կաթսայատուն. մանկապարտեզն ունենալու է ջեռուցում: Ասֆալտապատվել է մանկապարտեզի շրջակա բակը, տեղադրվել են նոր ճոճանակներ, կառուցվել է ցանկապատ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ նախադպրոցական ուսումնական հաստատությունը ստացել է նոր գույք` մահճակալներ, սեղաններ ու աթոռներ, պահարաններ ու գրատախտակներ: Իր ոճով ու դիզայնով առանձնանում է մանկապարտեզի նեքին և արտաքին հարդարանքը: Մեծ ծավալի աշխատանք է տարվել շենքային անմխիթար պայմանները վերացնելու և մանկապարտեզին նոր շունչ տալու համար: Գունեղ ու շքեղ այս մանկապարտեզը իսկական հրաշք է դառնալու իր բոլոր սաների կյանքում:

Չարենցավանի «Հրաշք» մ/մ-ն հիմնադրվել է 1976 թվականի փետրվարի 10-ին և մինչև վերջերս վերանորոգման աշխատանքներ այստեղ չեն կատարվել: Նախադպրոցական հաստատության շենքը տիպային է` նախատեսված 12 խմբի համար: Ներկայումս գործում է 6 տարիքային խումբ` 170 երեխայի համար:

«Նման հաջողությունը ոգևորող է, մենք կշարունակենք այս ծրագիրը և կփորձենք առաջիկա տարիների ընթացքում վերանորոգել նաև մանկապարտեզի մյուս մասնաշենքը, մենք պարտական ենք մեր բոլոր երեխաներին,- շնորհավորելով չարենցավանցիներին` ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարը»:

«Ես շնորհակալություն եմ հայտնում մեր աջակիցներին, ովքեր օգնեցին իսկական հրաշքի վերածել մեր «Հրաշք» մանկապարտեզը, մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որ մեր քաղաքի փոքրիկների համար լավագույն պայմանները ստեղծենք նախադպրոցական հաստատություններում,- նշեց համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը»:

Նշենք, որ սա արդեն երկրորդ վերանորոգված մանկապարտեզն է Չարենցավանում: Մեկ տարի առաջ էլ Վիվա-սել-ի և Չարենցավանի քաղաքապետարանի համաֆինանսավորման արդյունքում վերանորոգվեց քաղաքի «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզը:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.