Wednesday, July 20, 2011

«Տաք կոշիկներ` խոցելի ընտանիքների երեխաներին» ծրագրին աջակցում են Գեղարքունիքի մարզում


«Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» Հայաստանի տարածաշրջանում կատարել է ուսումնասիրություն եւ եկել այն եզրահանգման, որ Հայաստանի մեծաթիվ անապահով ընտանիքների երեխաներ ձմռան ամիսներին դպրոց չեն գնում ձմեռային կոշիկներ չունենալու պատճառով: Հիմնադրամը նախաձեռնել է մի ծրագիր, որը կոչվում է «Տաք կոշիկներ' խոցելի ընտանիքների երեխաներին»: Ծրագրի շրջանակներում հիմնադրամն անվճար տաք ձմեռային կոշիկներ կբաշխի Հայաստանի հեռավոր հյուսիսային շրջանների շուրջ 1000 անապահով ընտանիքների երեխաների:

Կոշիկների գումարը հավաքագրելու համար «Ջինիշյան» հիմնադրամը, արդեն մեկ ամիս է, մեկնարկել է միջոցների հավաքագրման ծրագիրը: Միջոցների հավաքագրմանն աջակցում են նաեւ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» «Քաղաքացիական երկխոսություն եւ գործնական քայլեր» ծրագրի' Գավառի մասնաճյուղի անդամները՝ Գավառի համակարգող Աստղիկ Հովեյանի ղեկավարությամբ: Նրա խոսքով' իրենց խումբը տաք կոշիկների ձեռքբերման համար մշակել է միջոցառումների շղթա:

Հիմնադրամի անդամներն այցելել են Գավառի տարածաշրջանի բանկեր, հիմնարկներ, հասարակական կազմակերպություններ, խանութներ եւ այլ կառույցներ:

Ծրագրի անդամ Անի Դովլաթյանը ներկայացրեց, որ երիտասարդ ակտիվիստները պատրաստել են ապակյա տարաներ, տեղադրել Գավառի տարածաշրջանի տարբեր խանութներում՝ անապահով ընտանիքների երեխաների համար հանգանակություն հավաքելու համար: Գավառի տարածաշրջանում բարեգործական ակցիային աջակցելու պատրասակամություն են հայտնել մի քանի բանկեր, «Հայկական Կարիտաս», «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունները, Մարդու իրավունքների պաշտպանության Սախարովի անվան կենտրոնը եւ Առեւտրաարդյունաբերական պալատը: Գումարի հավաքագրման վերջնաժամկետն այսօր է` հուլիսի 20-ը, որից հետո կամփոփվի կատարված աշխատանքի արդյունքը, ինչպես նաեւ կհրապարակվեն գումար հատկացնողների անունները:
Աստղիկ Հովեյանը նշեց նաեւ, որ հիմնադրամը կոշիկները կպատվիրի տեղական կոշիկ արտադրողներից, որոնք կլինեն բնական կաշվից, ջրակայուն, ներսից մորթեպատ եւ չսահող ներբաններով. կբաշխվեն այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ըստ նախնական հաշվարկների' մեկ զույգ կոշիկի արժեքը կլինի միջինը 13. 000 ՀՀ դրամ: Նվիրատվության ամբողջ գումարը կծախսվի ձմեռային կոշիկների ձեռքբերման նպատակով: Կոշիկների տեղափոխման եւ բաշխման հետ կապված ծախսերը կհոգա «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը»:

Հիմնադրամը իրականացնում է նաեւ «Արժեքների փոխադարձ ճանաչում» hետազոտական ծրագիր Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում: Ծրագիրը նպատակ ունի Գեղարքունիք եւ Արմավիր մարզերի երիտասարդների համատեղ աշխատանքի միջոցով նպաստել մարզերի պատմամշակութային հուշարձանների եւ բնական արժեքների մասին փոխադարձ ճանաչողական տեղեկատվության տարածմանը: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն հետազոտական արշավներ: Նախատեսվում է նաեւ տպագրել բուկլետներ եւ գրքույքներ, որոնք խթան կհանդիսանան մարզային տւրիզմի զարգացման համար:
Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.