2009-2011 թվականների ընթացքում Սեւանա լճի ջրի մաքրության ապահովման նպատակով եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցների հաշվին Սեւան, Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում կառուցվել է 24 կիլոմետր 554 մետր երկարությամբ կոյուղագիծ: Ինչպես «Գեղամա աշխարհին» տեղեկացրեց կոյուղագծերի շինարարությունն իրականացրած «Գրիար» ՓԲԸ գլխավոր ինժեներ Արմեն Գալստյանը, շինարարական աշխատանքների հիմնական մասն ավարտվել է 2010 թվականի ընթացքում, որոշ մասը' 2009-ի վերջերին եւ այս տարվա առաջին կիսամյակում: Այս տարի մասնավորապես 400 գծամետր երկարությամբ ճնշման գիծ է կառուցվել Գավառում, 254 մ' Սեւանում եւ 250 մ Վարդենիսում: Վարդենիսում կառուցվել է նաեւ 630 լրացուցիչ կոյուղագիծ 400 մմ տրամաչափի խողովակներով: Գավառում եւ Վարդենիսում կառուցվել եւ շահագործվել են պոմպակայաններ, որոնց միջոցով կեղտաջրերը որոշ թաղամասերից պետք է մղվեն մաքրման կայաններ: Այսօրվա դրությամբ Գեղարքունիքի մարզի չորս քաղաքներում արդեն ավարտվել է կոյուղացման համակարգերի կառուցման կամ վերակառուցման ծրագրի առաջին փուլը, եւ կոյուղու ցանցերը հիմնականում շահագործվում են մոտ 75 տոկոսով: Այժմ ընթանում է ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսված է մաքրման կայաններ կառուցել ու շահագործել Մարտունի, Գավառ եւ Վարդենիս քաղաքներում: Մաքրման կայանների կառուցման աշխատանքներն իրականացնում է գերմանական «Լյուդվիգ Պֆեյֆեր» ընկերությունը: Իսկ ծրագրի երրորդ փուլը մեկնարկելու է այս տարվա հուլիսի 26-ից հետո, երբ պարզ կդառնա Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից հայտարարված մրցույթում հաղթող կազմակերպության անունը: Ծրագրի երրորդ փուլը նախատեսում է լրացուցիչ 12 կիլոմետր երկարության կոյուղագծերի կառուցման աշխատանքների իրականացում Մարտունի, Սեւան, Վարդենիս եւ Գավառ քաղաքներում: Մաքրման կայանների եւ լրացուցիչ կոյուղագծերի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարեվերջին:
<<Գեղամա աշխարհ>>
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.