Thursday, July 21, 2011

ԴԵՂԵՐԸ ԿՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՄՈՏ, ԿԹԱՓԻ. Դատարանը մերժեց «Սզնի» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Սահակյանի հայցը



Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ, մերժեց Վանաձորում գործող «Սզնի» ՍՊ ընկերության սեփականատեր Գառնիկ Սահակյանի հայցադիմումը «Լ. Արեշյանի անվան Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի դեմ: Գառնիկ Սահակյանը պահանջում էր պարտավորեցնել հիվանդանոցային համալիրին՝ «Սզնի» ՍՊԸ-ի հետ կնքելու ՎՀՀ-1-01/10 ծածկագրով մրցույթում հաղթած 11 անուն դեղորայքի ցանկին եւ 2 517 090 դրամ գումարին համապատասխան գնման պայմանագիր: 
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ին «Սզնին» հաղթող էր ճանաչվել հիվանդանոցի հայտարարած մրցույթում՝ 11 անուն դեղերի մասով: Հիվանդանոցի տնօրենը, սակայն, օրեր անց հրաժարվել է ամենամեծ չափաբաժնով դեղամիջոցը գնելուց՝ տեղեկացնելով, որ վերջինը համալիրը նվեր է ստացել «Նատալի ֆարմ» ընկերությունից, եւ որ «Սզնի» ՍՊԸ-ի հետ կկնքվի պայմանագիր՝ ընկերության կողմից շահած չափաբաժնի ցանկում ընդգրկված մյուս դեղամիջոցների մասով՝ 2 517 090 դրամ գումարի փոխարեն 11 անուն դեղորայքի ցանկի համար վճարելով 1173 090 դրամ:Այս թիվը մրցույթում հաղթած գնման գումարից 1 344 000 դրամով պակաս է:
Դատարանի որոշմամբ, սակայն, հիվանդանոցային համալիրը չի պարտավորվում «Սզնի» ՍՊԸ-ի հետ կնքել 11 անուն դեղորայքի ցանկին եւ 2 517 090 դրամ գումարին համապատասխան գնման պայմանագիր, ինչի արդյունքում ՍՊԸ-ն կարող է կանգնել լուծարման եզրին:
«
Սզնիի» տնօրեն Գառնիկ Սահակյանը դատարանի որոշման խորքում քաղաքական ենթատեքստ է տեսնում: Ասում է, որ դատարանի վրա իշխանության ներկայացուցիչների կողմից ճնշումներ են եղել, նա էլ կայացրել է նման վճիռ: «Հարկային դաշտում՝ որպես հարկատուի, չեն կարողանում վրաս գործ սարքել, այս որոշմամբ են փորձում ձայնս կտրել»,-ասում է գործարարը, ով նաեւ «Ժառանգություն» կուսակցության Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավարն է:
Եթե դատական մյուս ատյաններն էլ կրկնեն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, դեղերի պիտանելիության ժամկետը լրանալուն պես Գառնիկ Սահակյանը բեռնատարով այն կտանի ՀՀ նախագահի նստավայրի առաջ կթափի եւ որեւէ երկրից քաղաքական ապաստան կխնդրի. «Ես հավատացել եմ, որ ապրել եմ իրավական պետության մեջ, եւ բերել եմ մի խմբաքանակ, մտածելով, հավատալով, որ այստեղ ոչ միայն մարդու իրավունքներն են գործում, այլեւ տնտեսական օրենքները: Մտածել եմ, որ կարող եմ իրացնել նաեւ հիվանդանոցային ցանցում՝ մրցույթների ձեւով: Շահել եմ, բայց թղթի վրա եմ շահել: Սա արտագաղթի համար կանաչ քարտ է դառնալու»:
Գառնիկ Սահակյանի կարծիքով՝ Հայաստանում ոչ միայն փոքր ու միջին բիզնեսը, այլեւ ոչ ոք ապագա չունի: «Հայաստանում բիզնեսը օլիգարխներինն է, իսկ կառավարության միջին օղակից բարձր յուրաքանչյուր անդամ մի մինի օլիգարխ է՝ նախարարները, վարչապետը, նախագահի աշխատակազմը: Ավելի շուտ մարտի 1-ի հանցագործությունը կբացահայտվի, քան թե տնտեսական դաշտը կմաքրվի, փոքր բիզնեսը սրանց կողքին տեղ չունի: Սա տնտեսական ֆաշիզմ է, որի արդյունքում Հայաստանը անապատ կդառնա»,- ասում է նա:
Գառնիկ Սահակյանի ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանը համաձայն չէ վճռի հետ, այն անհիմն է համարում եւ ենթակա է բողոքարկման: «Ես որեւէ կերպ չեմ կարողանում հասկանալ, թե մերժման պատճառն ինչ է, ընդամենը անհոդաբաշխ մեկնաբանություն»,-հավելեց փաստաբանը:Փաստաբանը նշում է, որ «Նատալի ֆարմը» բոլոր մարզերում նվիրաբերություններ անելով՝ շուկայից դուրս է մղում փոքր ընկերություններին՝ նպատակ ունենալով մենաշնորհ դիրք ունենալ: Դատարանն էլ իր վճռով չի կանգնում փոքր բիզնեսի կողքին. «Հետագայում շուկայում մրցակցություն չլինելու պարագայում դեղերի գները անհամեմատ կբարձրացնի, դրանից ոչ ոք չի շահում»:
Դատարանի վճիռը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Ներպետական հնարավորությունները սպառելուց հետո Գ. Սահակյանը այն կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:


Անուշ Բուլղադարյան 
Վանաձոր
Աղբյուրը՝ www.aravot.am





0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.