Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի տեղեկացմամբ` եկեղեցու վերականգնումն ամբողջությամբ իրականացնելու համար «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հատկացրել է մոտ 400 միլիոն դրամ, ինչի շնորհիվ արդեն երկու շաբաթ է, մեկնարկել են աշխատանքները: Վերականգնման աշխատանքներին անցած տարվա ամռանը նախորդել են հնագիտական պեղումները եկեղեցու ներսում եւ տարածքում, որոնք իրականացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալ, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Գագիկ Սարգսյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ պեղված տարածքում հայտնաբերվել են խաչքարեր, տապանաքարեր, շինաքարեր կամ դրանց բեկորներ, խեցեղեն: Պեղումների հիմնական նպատակը եղել է շրջակայքի մաքրումը եւ վերականգնման համար շինաքարերի հայտնաբերումը, ինչը եւ իրականացվել է ամբողջությամբ: Պեղումները փաստել են, որ հուշարձանի տարածքում եւ հատակում մշակութային ավելի հին շերտ չի գտնվել: Եկեղեցին վերականգնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրատվությամբ:
Վերականգնման աշխատանքներն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության «Հուշարձանների պահպանության եւ վերականգնման» գործակալությունը, ճարտարապետն է Միշա Հակոբյանը: Վերականգնող ավագ վարպետ Հարություն Սամսոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն իր աշխատանքային 40 տարիների ընթացքում պատմական շատ հուշարձաններ է վերականգնել, եւ հերթական այս հուշարձանն էլ կավելանա դրանց թվին' ամբողջությամբ ու նորոգ ծառայելով մեր ժողովրդի հոգեւոր- մշակութային կարիքներին: Այն պահպանելու է իր պատմական եւ նախկին տեսքն ամբողջությամբ՝ 14 մետր լայնություն, 21 մետր երկարություն, 24 մետր բարձրություն: Վերականգնվելու են խորանը, խցերը, գմբեթը: Օգտագործելու են հողի տակից հանված բոլոր շինաքարերը, իսկ պակասը լրացվելու է նոր' համապատասխան քարեր կտրելու եւ հղկելու հաշվին: Վերականգնման աշխատանքները կտեւեն մոտ չորս տարի: Ավագ վարպետի հետ աշխատում են վարպետներ Ցոլակ եւ Շավարշ Սամսոնյանները եւ Մարատ Պետրոսյանը: Եկեղեցու վերականգնման աշխատանքներում ընդգրկվել են նորատուսցի չորս բանվորներ:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.