ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվող ասմունքի երրորդ հանրապետական մրցույթ-փառատոնն այս տարի նվիրված էր Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին: Այս անգամ էլ ասմունքի փառատոնն մեծ ոգևորություն էր առաջացրել հանրապետության տարբեր մարզերի տարբեր համայնքների դպրոցներում, շուրջ 23000 աշակերտ է մասնակցել փառատոնի տարածքային փուլին, դրանցից լավագույնները` մարզային փուլին: Իսկ հուլիսի 5-6-ը Գյումրիում` Հովհաննես Շիրազի ծննդավայրում, կայացավ մրցույթ-փառատոնի հանրապետական փուլը, այնուհետև գալա-համերգը և մրցանակաբաշխության արարողությունը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մրցույթ-փառատոնում իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Կոտայքի մարզը. մարզի տարբեր համայնքների 6 աշակերտ մասնակցեց ասմունքի մրցույթ-փառատոնի հանրապետական փուլին: Գալա-համերգին մասնակցելու իրավունք ստացան նրանցից միայն 3-ը`չարենցավանցիներ Սուրեն Թադևոսյանը, Լիլիթ Բալաբեկյանն ու Լիլիթ Շահբազյանը:
11-14 տարիքային խմբում Չարենցավանի թիվ 4 միջնակարգ դպրոցի սան Լիլիթ Շահբազյանը գրավեց երրորդ մրցանակային տեղը, նույն քաղաքի ավագ դպրոցի սան Լիլիթ Բալաբեկյանը արժանացավ խրախուսական մրցանակի: «Գրան պրին» այս տարի էլ մնաց Կոտայքի մարզում. նախորդ տարի այս բարձրագույն մրցանակին արժանացել էր Կոտայքի մարզի Բալահովիտի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սերինե Մկրտչյանը, իսկ այս տարի էստաֆետան հանձնվեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ավագ դպրոցի սան Սուրեն Թադևոսյանին:
Ասմունքի 3-րդ մրցույթ-փառատոնում հաղթանակած կոտայքցի երեք աշակերտներն էլ մի քանի անգամ մասնակցել են ասմունքի փառատոնին, արժանացել են մրցանակային տեղերի մարզային փուլում, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել հանրապետական ստուգատեսում: Չնայած այս ամենին` փոքրիկ ասմունքողները շարունակել են դեպի պոեզիայի կախարդական աշխարհը տանող ճանապարհը`վստահ լինելով, որ մի օր էլ իրենք կհայտնվեն լավագույնների շարքում:
Սուրեն Թադևոսյանը, Լիլիթ Շահբազյանն ու Լիլիթ Բալաբեկյանը սիրում են ընթերցել ու ասմունքել, նրանց խոսքով փառատոնը գեղեցիկ ու անմոռանալի պահեր պարգևեց իրենց, չէ՞ որ մրցութային սպասումներն ու ակնկալիքները դեռ բոլորը չէին. հանրապետական փուլ անցած աշակերտները հնարավորություն են ունեցել այցելել Գյումրու Վարպետաց փողոցում գտնվող հայ երեք մեծանուն վարպետների` Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները: Հենց այս այցելություններն էլ օգնել են չարենցավանցի ասմունքողներին էլ ավելի ոգեշնչվել ու լավագույն ձևով ներկայանալ գալա-համերգին`միանգամից երեք մրցանակ բերելով իրենց քաղաքին ու մարզին:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.