Wednesday, July 27, 2011

40 տարվա վիրաբույժը դատական հայց է ներկայացրել հիվանդանոցի դեմ. «Եթե այս հարցը լուծում չստանա՝ արտագաղթի ճամփան ենք բռնելու»


Վանաձորցի վիրաբույժ Նորիկ Մելիքյանը պնդում է, որ իրեն ապօրինի են ազատել աշխատանքից, ինչը ծանր դրության մեջ է դրել 7 հոգանոց իր ընտանիքը:
70-ամյա Նորիկ Մելիքյանը դատական հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝պահանջելով «Լ. Արեշյանի անվան  Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ից  01. 06. 2010 թ. թիվ 193/6 որոշակի ժամկետով կնքված լրացուցիչ համաձայնագիրը անորոշ ժամկետում կնքված աշխատանքային պայմանագիր համարել:
Բացի այդ՝ հիվանդանոցի նախկին վիրաբույժը պահանջում է իրեն վերականգնել նախկին աշխատանքին, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձում  կատարել՝ ներառելով օրենքով սահմանված բանկային տոկոսները։
«Ընտանիքս ապրում էր իմ աշխատանքով, այժմ կանգնել ենք անելանելի իրավիճակի առջև, ընտանիքս այսօր քաղցի է մատնված, պարտք եմ  արել, որ գոնե որոշ ժամանակ ապրենք: Եթե այս հարցը լուծում չստանա, արտագաղթի ճամփան ենք բռնելու»,-ասում է Նորիկ Մելիքյանը, ով 1977 թ. թիվ 1 հիվանդանոցային համալիրում է աշխատել: Նրա հետ մինչ 2010 թ. աշխատանքային պայմանագրեր են կնքել անորոշ ժամանակով:
«Չեմ հասկանում, թե հիմա ինչ եղավ, ինչու ինձ հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքեցին, որի ժամկետը լրանալուն պես ազատեցին աշխատանքից»,- զարմանում է Ն. Մելիքյանը:
Դատարանում հայցվոր Նորիկ Մելիքյանի ներկայացուցիչ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի իրավաբան Արայիկ Զալյանն ասում է, որ ի սկզբանե որոշակի ժամանակով աշխատանքային պայմանագիր կնքելով՝ խախտվել է քաղաքացու աշխատանքային իրավունքը:
Իրավաբանի կարծիքով՝ բժշկի աշխատանքն այն  աշխատանքը չէ, որի անհրաժեշտությունը  մեկ տարի անց  չի լինելու, մանավանդ, որ տվյալ անձը երկար տարիներ է աշխատել նույն բուժհաստատությունում:
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով՝ հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները»,-բացատրում է Արայիկ Զալյանը:
Նա հավելում է, որ այս պարագայում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում են ոչ մշտական բնույթ, կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի  95-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված նախապայմանները:

Մարզպետի ստեղծած հանձնաժողովը ստանձնել է նախաքննական մարմնի դեր
Թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրենի դատարան ուղարկած գրությամբ պարզվում է, որ  բժիշկ-վիրաբույժ Նորիկ Մելիքյանն ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով կենսաթոշակային տարիքը, ՀՀ Լոռու մարզպետի  2011 թ. ապրիլի 26-ի թիվ 177 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի՝ այս տարվա ապրիլ ամսին ավտովթարի հետևանքով  մահացած վանաձորցի նկարիչ Կարեն  Դավթյանի (Կապո) մահվան դեպքի ուսումնասիրության եզրակացությունը և ուղղորդվելով ՀՀ Լոռու մարզպետի հանձնարարականով:
Աշխատանքային տեսչության իրավաբանական բաժնից տեղեկացրին, որ կենսաթոշակային տարիք համարվում է 63 տարեկանը և, եթե անձը աշխատել է այդ տարիքից հետո, նրան 70 տարեկանում հնարավոր չէ աշխատանքից ազատել՝ 63 տարեկանում կենսաթոշակային տարիքի հասնելու հիմքով։ Բացի այդ Ն. Մելիքյանի աշխատանքից ազատման հրամանի իրավական հիմքը 2011թ. հունիսի 1-ին վերջինիս հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալն է:
Իրավաբան Զալյանի կարծիքով՝  մարզպետի ցուցումն ըստ երևույթին նշանակություն է ունեցել այնքանով, որ անձի հետ պայմանագիրը չի երկարացվելև նա  ազատվել է  աշխատանքից:
2011թ. ապրիլի 18-ին Վանաձորում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել: «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան մխրճվել էր Վազ 21 07 մակնիշի մեքենայի մեջ, որի վարորդը' 1962թ. ծնված Կարեն Դավթյանը, ով հայտնի է Կապո կեղծանունով,  մարմնական ծանր վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվել էր Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Ապրիլի 19-ի առավոտյան նա մահացել է:
Նրան վիրահատող բժիշկը Նորիկ Մելիքյանն  է եղել: Վերջինիս  պնդմամբ՝ Կարեն Դավթյանի մոտ եղել է գլխուղեղի ցնցում, կողերի բազմաթիվ կոտրվածքներ, թոքի պատռվածք, փայծախի պատռվածք, կոնքի ոսկորների կոտրվածք:
«Վնասվածքները կյանքի համար անհամատեղելի են եղել, հիվանդը մահացել է տրավմատիկ շոկից: Դիահերձման ժամանակ պարզվել է, որ երիկամն էլ է  վնասված եղել, ինչի հետ ես չէի կարող որևէ առնչություն ունենալ: Ես ընդամենը նրա որովայնն եմ բացել, երիկամը որովայնախոռոչում չի գտնվում: Տեսել եմ, որ որովայնի շերտի տակ արյուն կա, 3 անգամ կանչել եմ ուրոլոգին, եկել է, ոչ մի բան չի հայտնաբերել: Սոնոգրաֆիան էլ ցույց չի տվել»,-ասում է բժիշկ Նորիկ Մելիքյանը:
Լոռու արդեն նախկին մարզպետ Արամ Քոչարյանը ցուցում է տվել, որ համալիրի պատասխանատու հերթապահ բժիշկ Նորիկ Մելիքյանին ժամանակավորապես ազատեն պարտականությունների կատարումից՝ մինչև քրեական գործի իրավական ավարտը:
Մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Նորիկ Մելիքյանը ստացիոնար հիվանդի բժշկական քարտը թերություններով է լրացրել, ոչ բոլոր մասնագետների խորհրդատվությունն ու գրագրությունն է ապահովել, կատարել է որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության ոչ լիարժեք զննում, ուրոլոգի հետ հանձնաժողովին հակասական ինֆորմացիա է ներկայացրել, ավագ մասնագետներին չի ընդգրկել վիրահատական խմբում, ինչի արդյունքում ձախ երիկամի վնասվածքը չի հայտնաբերվել  ու չի վիրահատվել:
Իրավաբան Արայիկ Զալյանը, սակայն, վկայակոչելով օրենսդրությունը, փաստում է, որ նման եզրակացության հանգել ու դրա հիման վրա կայացնել որևէ որոշում վերապահված է միայն նախաքննական մարմնին:
«Նման լիազորություն Քրեական դատավարության օրենսդրությամբ տրված է  նախաքննության մարմնին: Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները ճշտվում են: Նախաքննական մարմինը կպարզի՝ կա՞ արդյոք բժշկի ոչ ճիշտ միջամտություն, թե՝ ոչ: Եթե պարզվի, որ բժիշկն էլ է մեղավոր, քրեական պատասխանատվության կենթարկեն, կազատեն աշխատանքից»:
Սակայն Նորիկ Մելիքյանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել Կարեն Դավթյանին սխալ բժշկական միջամտություն ցուցաբերելու կամ այլ մասնագիտական թերացումների մեջ, ու թե ինչու է մարզպետը ցուցում տվել ժամանակավորապես ազատել պարտականությունների կատարումից,  40 տարվա վիրաբույժը պատասխան չի գտնում. «Դատաքննություն կլինի, ամեն ինչ կպարզվի»։

Անուշ Բուլղադարյան
Վանաձոր

 Աղբյուրը՝ www.hra.am 

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.