Thursday, July 14, 2011

ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ













Վիվա-սել- ՄՏՍ-ը այս տարի ևս նախաձեռնել է «Ամառային ներշնչանք» խորագրով մրցույթ-փառատոնը մայրաքաղաք Երևանի և մարզերի արվեստի, գեղարվեստի դպրոցների և մշակութային այլ կրթօջախների սաների համար: Ծրագիրը նպատակ ունի բացահայտել պատանի տաղանդների, օգնել նրանց ինքնահաստատվել, լինել մեծ բեմերում և արժանանալ համապատասխան գնահատանքի: Արդեն մի քանի տարի է` բարեհաջող կազմակերպվում և անցկացվում է այս միջոցառումը` անշեղորեն իրականացնելով իր առջև դրված բոլոր նպատակները, մշակութային մեծ իրարանցում ստեղծելով հանրապետության բոլոր համայնքներում:

 Մրցույթի առաջին փուլով մայրաքաղաք Երևանի 15 մշակութային կրթօջախների սաներ արդեն ներկայացրել են իրենց աշխատանքները արվեստի տարբեր ոլորտներում`ազգային պար, երգ, նկարչություն, թատերական արվեստ, ձեռագործություն, լուսանկարչություն և այլն: Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան համայնքների արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների մրցույթ-փառատոնի նախընտրական փուլը տեղի ունեցավ Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում: Մրցույթին մասնակցեցին Չարենցավանի և Հրազդանի 102 երեխաներ:

Դպրոցի նախասրահում կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էին չարենցավանցի և հրազդանցի պատանի ստեղծագործողների նկարները, ձեռքի աշխատանքները: Վիվա-սել-ՄՏՍ-ի մրցույթի կանոնների համաձայն` աշխատանքները պետք է կապված լինեն Վիվա-սելի հետ. կա'մ ներկայացնեն Վիվա-սելի խորհրդանշանները, կա'մ էլ ցույց տան, թե ինչպես է աշխատում Հայաստանի առաջատար բջջային օպերատորը:

Վիվա-սել-ՄՏՍ ընկերության հատուկ մրցութային հանձնաժողովը նայեց բոլոր աշխատանքները, զրուցեց դրանց հեղինակների հետ, այնուհետև դպրոցի դահլիճում մեկնարկեց մրցույթի հաջորդ փուլը, որտեղ ներկայացան արվեստի և երաժշտական դպրոցների պարային խմբերը, անսամբլներն ու անհատ կատարողները:

Ինչպես միշտ լավագույն ձևով ներկայացան Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի սաները, թե' պարային, թե' վոկալ կատարումները աչքի ընկան իրենց պատրաստվածությամբ և ինքնատիպությամբ:














Մրցույթի վերջում մրցութային հանձնաժողովը շնորհավորեց բոլոր մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց գեղեցիկ կատարումների համար: Այնուհետև մրցույթին մասնակցած 62 չարենցավանցի և 40 հարզդանցի երեխաները ստացան նվերներ Վիվա-սել-ՄՏՍ-ի կողմից: Մրցույթի արդյունքներում լավագույնը ճանաչված աշխատանքներն ու համարները կներկայացվեն «Ամառային ներշնչանք» մրցույթի-փառատոնի գալա-համերգին, որի ընթացքում էլ կկատարվի մրցանակաբաշխությունը:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.