Wednesday, July 27, 2011

Դատավորը վկա է ճանաչվել. Վանաձորցի Աշոտ Հարությունյանը չի վստահում դատարանի անաչառությանը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, սկսվեց վանաձորցի Աշոտ Հարությունյանի դատաքննությունը:
35-
ամյա վանաձորցին մեղադրվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր (այժմ՝ վարչական դատարանի դատավոր) Արման Թովմասյանի ու դատական կարգադրիչների նկատմամբ խուլիգանական վերաբերմունք ցուցաբերելու մեջ:
Տուժողներ են ճանաչվել կարգադրիչներ Էդգար Չատինյանն ու Էդգար Խանվելյանը, դատավոր Արման Թովմասյանն էլ ճանաչվել է որպես վկա: 
Նախաքննության սկզբում Աշոտ Հարությունյանը կասկածվում էր ՀՀ քրօրի 316 հոդվածի 1-ին մասով, այն է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: 
Նախաքննական մարմինը, սակայն, վերաորակել է արարքը՝ Աշոտին մեղադրանք առաջադրելով ՀՀ քրօրի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ խուլիգանության, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով: Հոդվածը նախատեսում է պատիժ՝ սահմանելով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով:
Աշոտ Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը այն կարծիքն է հայտնում, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը չի կարող քննել այնպիսի գործ, որտեղ անմիջականորեն շոշափվում են դատարանի դատավորի եւ կարգադրիչների գործողությունների օրինականության հարցը. «Բնականաբար, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի յուրաքանչյուր դատավոր կաշկանդված է այս գործով անկողմնակալ գնահատականներ տալ իր գործընկերոջ՝ նույն դատարանի դատավոր Ա. Թովմասյանի, ինչպես նաեւ կարգադրիչների գործողություններին»: 
Փաստաբանը բացատրում է, որ եթե պարզվի, որ դատավոր Ա. Թովմասյանի կամ կարգադրիչների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ, ապա նույն դատարանի 1 դատավորը կաշկանդված է լինելու իր անկողմնակալ դիրքորոշումը հայտնելուց, ինչը կարող է հանգեցնել իր գործընկերների կամ ընդհանրապես դատարանի համար անցանկալի հետեւանքների: Բացի այդ, մեղադրյալ Աշոտ Հարությունյանը չի վստահում դատարանի անաչառությանը եւ կասկածներ ունի դրա վերաբերյալ: 
«
Այս դատարանը 3 անգամ քննել է կալանքի հետ կապված հարցեր, եւ 3 անգամ էլ անհիմն կալանավորման թույլտվություն է տվել եւ կալանքի ժամկետը երկարացրել: Այս հանգամանքը եւս բացառում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գործի դատաքննությունն իրականացնելը»,- պարզաբանում է փաստաբանը:
Դատավոր Ն. Հովակիմյանը մերժեց փաստաբան Հայրապետյանի՝ դատավորի դեմ արված ինքնաբացարկի միջնորդությունը: Փաստաբանն ասում է, որ իր պաշտպանյալի ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ ՀՔԾ-ն որեւէ գնահատական չի տվել, նախաքննության ընթացքում էլ կարգադրիչները բազմիցս հակասական ցուցմունքներ են տվել: 
«
ՀՔԾ-ն որոշեց, որ դատավորի գործողություններում հանցակազմ չի եղել: Կանչել են, հարցրել՝ դու Աշոտին ծեծե՞լ ես, դատավոր Արման Թովմասյանն էլ, բնականաբար, ասել է՝ ոչ: Էլ ի՞նչ պիտի ասեր: Այսպես պարզեցին, որ հանցակազմ չկա»,- տարակուսում է Տիգրան Հայրապետյանը:
Այնինչ՝ դեպքի անմիջական վկա Նունե Պառավյանի ցուցմունքները գնահատվել են ոչ արժանահավատ եւ ուշադրության չեն արժանացել: 
«
Մեքենայի դուռը բացեցի, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում, տեսա՝ հրում են Աշոտին, կռվում են, Աշոտին գցել էին գետնին, ոտքերով ու ձեռքերով ծեծում էին: Փողոցի այն կողմը տարան, այնտեղ էլ ծեծեցին: Չորսն էլ խփում էին: Իջա մեքենայից, ասի՝ հենց հիմա վերջացրեք, թե չէ միլիցիա կզանգեմ: Էդ պահին ֆորմովը մոտեցավ ինձ, ասաց՝ հենց հիմա գնա ստեղից, թե չէ քեզ էլ կխփեմ: Իմ ասելուց հետո դադարեցրին ծեծը: Թողեցին Աշոտին ու գնացին,- պատմում է Նունեն,- համ ծեծեն, համ իրե՞նք անմեղ դուրս գան, ճիշտ բան չի դա»: Ըստ պաշտպանական կողմի՝ նախաքննական մարմնին ուղղված բազմաթիվ միջնորդություններ այդպես էլ անպատասխան են մնացել. «Օրենքով սահմանված կարգով պետք է կամ մերժեին, կամ բավարարեին, ոչ մի պատասխան չեն տվել»: 




Անուշ Բուլղադարյան
Վանաձոր


Աղբյուրը՝ www.aravot.am

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.