Monday, July 4, 2011

ՀԵՔԻԱԹՆԵՐ` ԱՂՔԱՏԻ ՏԱՆԸ


«Երկնքից երեք խնձոր ընկավ>> հեքիաթասացության եւ բարբառի մրցույթ-փառատոնի մարզային փուլին մասնակցեցին Գեղարքունիքի մարզից 8 դպրոցական: Մասնակիցները ներկայացրին հեքիաթներ, զրույցներ ու առակներ: Մրցույթ-փառատոնի նպատակը, ըստ կազմակերպիչների, հայերենի տարբեր բարբառներով, մասնավորապես` Գեղարքունիքի մարզի խոսվածքներով ժողովրդական բանահյուսության նմուշները հնչեցնելն էր: Բոլոր մասնակիցներն էլ ելույթ ունեցան իրենց տարածաշրջանային բարբառներով:
Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սոնա Կարապետյանը` <<Թագավորի խեքյաթ>>, Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Հարությունյանը` «Ալաշկերտի խարսնիք>>, Երանոսի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անուշ Քոսյանը` <<Անբան ախճկա մասին զրույցը>>, Ծակքարի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Դիաննա Հակոբյանը` <<Աստծո իրես դորի>>, Մարտունու թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ադա Դավթյանը` օրհնանքներ, պատմություններ, Գավառի 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Գրետա Խանդանյանը` <<Գառոյի կոչաղ տղի խեքյաթը>>, Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտ Վահե Գոզեյանը` <<Քյասիբ խայի խեքյաթը>>, Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտ Հովհաննես Հասասյան` <<Օխտը զուլումի պատմությունը>> բանահյուսական ստեղծագործություններով:

Դպրոցականների ելույթը հանձնաժողովը գնահատեց 10 բալանոց համակարգով: Մրցույթ-փառատոնում հավաքած միավորներով հաղթողներ ճանաչվեցին 4 մասնակիցներ՝ Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ Սոնա Կարապետյանն ու Անի Հարությունյանը, Երանոսի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անուշ Քոսյանը եւ Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտուհի Գրետա Խանդանյանը:

Նրանք ելույթներով հանդես կգան <<Երկնքից երեք խնձոր ընկավ>> փառատոնի հանրապետական փուլում, որը կկազմակերպվի Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում:
Փառատոնն հատկանշական եղավ եւ մասնակիցների, եւ հանդիսատեսների համար: Մասնակից եւ հաղթող, Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սոնա Կարապետյանը տպավորությունների մասին խոսելիս առանձնակի շեշտեց իր սերը Մարտունու բարբառի հետ` այն համարելով ամենաքաղցր ու հարազատ խոսքը, որով նա հաղորդակցվում է իր ծնողների հետ:
Հանձնաժողովի անդամ, ԳՊՀ դասախոս, բարբառագետ Վիկտոր Կատվալյանը <<Գեղամա աշխարհի>> թղթակցի հետ զրույցում կարեւորեց նմանատիպ միջոցառումների ու հանդիպումների դերը:
-Բարբառը մեր լեզվի բնական վիճակն է, այն կապում է մեզ մեր արմատներին ու պատմությանը: Այսպիսի հանդիպումները միջոց են հանդիսանում ամրացնելու այդ կապը եւ կայուն պահել մեր լեզվի բնական վիճակը,- նշեց Վ. Կատվալյանը:
Բանահյուսական նմուշների ու հեքիաթների ներկայացումը կազմակերպվել էր Գավառի երկրագիտական թանգարանի <<Աղքատի տուն>> սրահում:



0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.